ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Չինաստանը ներկայացրել է գերարագ գնացք, որն ունակ է զարգացնել 600 կմ/ժամ արագություն

Նոր սերնդի գերարագ տրանսպորտային միջոց ստեղծելու հարցում Չինաստանը կրկին աշխարհին ցույց տվեց իր հնարավորությունները՝ ներկայացնելով գերարագ մագնիսաքարշ գնացք, որն ունակ է զարգացնել մինչև 600 կմ/ժ արագություն։

Գերարագ գնացքը ստեղծվել է պետական ​​CRRC կորպորացիայի կողմից: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Պեկինից մինչև Շանհայ ճանապարհը՝ 1200 կմ, գնացքն անցնելու է ռեկորդային երեք ժամում՝ ներառյալ կանգառները։ Համեմատության համար նշենք, որ այս երթուղով ինքնաթիռի թռիչքը տևում է 2 ժամ 5 րոպե, իսկ մեքենայով ուղևորությունը՝ 12 ժամ:

​​CRRC-ը վստահ է, որ իրենց գերժամանակակից գնացքը կդառնա ամենաարագն աշխարհում և կշրջանցի իր հիմնական մրցակցին` ճապոնական Central Japan Railway Company-ին, որի  մագնիսաքարշ գնացքը կարողացել է հասնել 603 կմ/ժ արագության։

Այնուամենայնիվ, չնայած իրենց ռեկորդային արագությանը, CRRC-ի գնացքները դեռևս ստիպված են ապացուցել իրենց առևտրային կենսունակությունը, քանի որ դրանք պետության համար մնում են շատ թանկ «հաճույք»: Օրինակ, Շանհայի կենտրոնի և միջազգային օդանավակայանի միջև ընդամենը 30 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը (բացվել է 2004 թ.-ին) արժեցել է 1,14 միլիարդ դոլար և ևս 100 միլիոն դոլար ծախսվում է տարեկան սպասարկման համար։

Մագնիսաքարշ կամ մագնիսական գնացքները երկաթուղու վրա մնում, շարժվում և կառավարվում են էլեկտրամագնիսական դաշտի օգնությամբ, որը գնացքի և բուն երկաթուղու միջև ստեղծում է փոքրիկ «օդային բարձ», ինչի շնորհիվ էլ գնացքը, առանց հպվելու երկաթուղուն, կարողանում է սահուն կերպով առաջ շարժվել՝ հասնելով մեծ արագության։