ԲՆՈՒԹՅՈՒՆ

10 տարվա ընթացքում Շվեյցարիայում 180 նոր լիճ է գոյացել․ պատճառը ալպյան սառցադաշտերի հալոցքն է

Շվեյցարիայի ջրային գիտության և տեխնոլոգիայի դաշնային ինստիտուտի (Federal Institute of Aquatic Science and Technology) գիտնականները երկրի տարածքում գտնվող մեծ ու փոքր լճերը հաշվառելու նպատակով ուսումնասիրել են շվեյցարական Ալպերի ու սառցադաշտերի առկա բոլոր լուսանկարները (հիմնականում՝ արբանյակային)։

Պարզվել է, որ արդյունաբերական հեղափոխությունից, մասնավորապես, 1850-ական թվականներից ի վեր կլիմայի փոփոխությունը կտրուկ փոխել է նաև շվեյցարական Ալպերը․ վերջին 170 տարվա ընթացքում սառցադաշտերի հալման արդյունքում այստեղ առաջացել է ավելի քան 1200 նոր լիճ, որոնցից առնվազն 1000-ը գոյություն ունեն մինչ օրս:

Հեղինակները նշում են, որ Ալպերի լեռնային ռառցադաշտերի հալվելը կլիմայի փոփոխության տեսանելի վկայությունն է, և պետք է լրջորեն մոտենալ այս խնդրին։

Վերլուծությունը պարզել է նաև, որ առկա լճերից 180-ը առաջացել են 2006-ից մինչև 2016 թվականը։

Ալպերը Եվրոպայի ամենաբարձր ամենալայն լեռնաշղթան է։ Այն ձգվում է ավելի քան 1200 կմ՝ ներառելով եվրոպական ութ պետություն (Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լիխտենշտեյն, Մոնակո, Սլովենիա և Շվեյցարիա): Ավելին, Լիխտենշտեյնը և Մոնակոն ամբողջությամբ այս լեռնաշղթայի վրա են գտնվում, իսկ Շվեյցարիան՝ շուրջ 65%-ով։

Այնուամենայնիվ, այս հզոր լեռնաշղթան զոհ է դարձել կլիմայի փոփոխությանը։ Ըստ գիտնականների՝ միայն անցած տարում սառցադաշտերը կորցրել են իրենց ծավալի երկու տոկոսը: 1973 մինչև 2010 թվականները շվեյցարական Ալպերի սառցադաշտերը նվազել են մոտաորապես 28 տոկոսով։