ԱՐՎԵՍՏ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Իտալիայի թանգարաններում նոր համակարգ է ներդրվել՝ այցելուների արձագանքին հետևելու և ցուցանմուշների գրավչության մակարդակը գնահատելու համար

Բոլոնիայի (Իտալիա) թանգարաններում ներդրվել է նոր համակարգ՝ այցելուների՝ ցուցանմուշներին ուղղված արձագանքին հետևելու համար։ ShareArt անունը կրող համակարգն իրենից ներկայացնում է ցուցանմուշների կողքին տեղադրված տեղախցիկների ամբողջություն՝ համալրված արհեստական բանականությամբ, որը հաշվարկելու է, թե այցելուները որքան ժամանակ և որքանով են ուշադիր նայում նկարներին, քանդակներին կամ այլ ցուցանմուշներին, այնուհետև ստացված տվյալները համադրելու արդյունքում ներկայացվում է դրանց «գրավչության վարկանիշը»։

Նախագծի հեղինակները ցանկանում են հասկանալ, թե որ ցուցանմուշներն են ավելի շատ այցելուներ ներգրավում, որպեսզի, ելնելով դրանից, փոխեն դասավորությունը: Թանգարանների ղեկավարության կարծիքով, դա կավելացնի զբոսաշրջիկների թիվը և գոնե որոշ չափով կփոխատուցի այն եկամուտը, որը թանգարանները կորցրել են համաճարակի պատճառով:

Համակարգը ստեղծվել է նոր տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող պետական ENEA ​​գործակալության կողմից: Համակարգի նախնական տարբերակը մշակվել էր դեռ 2016-ին, սակայն առաջին փորձարկումները սկսվեցին միայն 2021-ի հուլիսին՝ թանգարանների ու պատկերասրահների վերաբացումից հետո: Մինչ այժմ թանգարաններում տեղադրվել է ShareArt-ի 14 սարքավորում։ Տվյալները վերածվում են հատուկ գծապատկերի, որն արտացոլում է այն, ինչի վրա հիմնականում կենտրոնանում են մարդիկ:

Հեղինակներն արդեն ստացել են առաջին արդյունքները: Օրինակ, պարզվել է, որ ֆրանսիացի նկարիչ Տրոֆիմ Բիգոտի (Trophime Bigot, 1579–1650) «Սուրբ Իրինան օգնում է Սուրբ Սեբաստիանին» կտավի դեպքում այցելուները կենտրոնանում էին Սեբաստիանի դեմքի աջ կողմի և ոչ թե ամբողջ նկարի վրա: Հետազոտողների կարծիքով՝ պատճառը լույսի ու ստվերի խաղն է:

ShareArt-ը նաև հետևում է, թե քանի այցելու է կանգ առնում նկարների առջև և որքան ժամանակ է նայում դրանց: Պարզվել է, որ շատ քիչ ցուցանմուշներ կան, որ կարող են մարդկանց պահել 15 վայրկյանից ավել: Միջին հաշվով այցելուները յուրաքանչյուր ցուցանմուշի մոտ անցկացնում էին 4-ից 5 վայրկյան:

Համակարգը չի սահմանափակվում ցուցահանդեսի դիտողների թվի վերաբերյալ տվյալների վերլուծությամբ: Մոտ ապագայում ShareArt–ը կկարողանա նաև վերլուծել այցելուների հույզերը՝ դեմքի արտահայտությունների միջոցով։ Ըստ այդմ, այցելուների վարքի վերլուծությունը կարող է օգնել արվեստի գործերի լուսավորության, ցուցադրության կամ դիրքերի այնպիսի փոփոխությունների, որի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել թանգարանի նկատմամբ հետաքրքրությունը: