ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Նոր սիլիկոնե թևնոցները չափում են օդի աղտոտվածությունը

Տեխասի համալսարանի (ԱՄՆ) հանրային առողջության դպրոցի հետազոտողները ներկայացրել են սիլիկոնե թևնոցներ, որոնք կարող են օգտագործվել օդի որակը գնահատելու համար: Թևնոցները կարող են կապել ավելի փոքր մոլեկուլային պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները (ՊԱԱ)՝ քիմիական նյութերի խումբ, որոնք առաջանում են ածուխի, նավթի, գազի, փայտի, աղբի և ծխախոտի այրման ժամանակ։ Որոշ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ համարվում են ուժեղ քիմիական կանցերոգեններ։

Ուսումնասիրությունը հիմնականում կենտրոնացած էր Հարավային Տեխաս նահանգի Իդալգո շրջանում գտնվող հղի կանանց կողմից սարքի օգտագործման վրա։ Տեխասի այս շրջանն ընտրվել էր նահանգի մնացած մասի համեմատ երեխաների մոտ ասթմայի տարածվածության աճի և հղիների մոտ վաղաժամ ծննդաբերության մակարդակի պատճառով:

Երբ հետազոտողները վերլուծել և համեմատել են օդի նմուշառման սարքավորումներից և թևնոցներից ստացված տվյալները, նրանք պարզել են, որ թևնոցների գրանցած արդյունքները նման են ավանդական փորձարկման մեթոդներից ստացած արդյունքներին: Հետազոտողները ենթադրում են, որ սիլիկոնե թևնոցների օգտագործումը կարող է օգտակար լինել կիսաանկայուն ՊԱԱ-ների հետազոտության ժամանակ:

Թևնոցների օգտագործման առավելություններն են այն, որ վերջիններս էժան են և դյուրակիր։ Դրանք կարող են օգտագործվել մի շարք աղտոտիչներ հայտնաբերելու համար, սակայն այդ աղտոտիչների տարբերակման հարցում այնքան էլ արդյունավետ չեն: Հետազոտողների առաջնային նպատակն էր գնահատել, թե որքանով կարող են թևնոցներն օգտագործվել որպես պասիվ նմուշառման սարքեր՝ օդում ՊԱԱ-ների քանակը գնահատելու համար։

Հետազոտողները հավելել են, որ ՊԱԱ-ները բնակչության որոշ խմբերի վրա ավելի շատ են ազդում, օրինակ՝ հղիության ընթացքում այս տարրերի ազդեցությունը հատկապես վնասակար է: Այսպիսով, ՊԱԱ-ների քանակական ազդեցությունը գնահատող պարզ մեթոդները, ինչպիսին է, օրինակ, վերը նշված սիլիկոնե թևնոցը, բժիշկներին կարող են հնարավորություն տալ ռիսկերը գնահատելու և արդյունավետ միջամտության ռազմավարություններ մշակելու համար:

Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։