ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սննդամթերք՝ պլաստիկ թափոններից․ նոր հեռանկարներ սինթետիկ կենսաբանության ոլորտում

Միչիգանի տեխնոլոգիական համալսարանի կենսաբան Սթեֆան Թեչտմանը և Իլինոյսի Ուրբանա-Շամպեյն համալսարանի (ԱՄՆ) կենսաինժեներ Թինգ Լուն հաղթել են «Future Insight Prize 2021» մրցույթում և շահել 1,18 միլիոն դոլար մրցանակ։ Գիտնականներն այս մրցանակին արժանացել են իրենց նոր ու հեղափոխական նախագծի համար իսկ ստացած գումարը անհրաժեշտ է որպիսի նախագիծն իրականություն դառնա։
Ըստ նախագծի, ստեղծվելու են փոփոխված գեներով միկրոօրգանիզմներ, որոնք կկարողանան քայքայել պլաստիկ թափոնները և դրանք վերածել սպիտակուցների։ Վերջնարդյունքում հնարավոր կլինի պլաստիկ թափոններից սննդամթերք արտադրել։
Գաղափարը հետևյալն է՝ միկրոօրգանիզմներին սովորեցնում են քայքայել պոլիմերային մոլեկուլները` ածխածին, ջրածին և թթվածին ստանալու համար: Հետագայում, մանրէների կենսագործունեության ընթացքում, այս մոլեկուլներից ստեղծվում են ամինաթթուներ իսկ դրանցից՝ սպիտակուցներ: Գիտության տեսանկյունից առանցքային քիմիական տարրերի մոլեկուլները պարզապես վերադասավորվում են և ստացվում է նոր կառուցվածք՝ այլ նյութ՝ դժվար թե ախորժելի, բայց՝ էժան ու քաղցը բավարարող:
Բազմիցս անդրադարձել ենք համաշխարհային մակարդակով բնապահպանական աղետի պատճառ դարձած պլաստիկե թափոնների խնդրին։ Դրանց բացասական հետևանքների վերաբերյալ ուսումնասիրությունները բազմաթիվ են՝ թե՛ գլոբալ և թե՛ տարածաշրջանային մասշտաբով։
2019 թվականին աշխարհում արտադրվել է 368 միլիոն տոննա պլաստմասսա, 2020 թվականին՝ 367 միլիոն տոննա (նվազումը պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակով): Միևնույն ժամանակ, արևմտյան երկրները շարունակում են հետևողականորեն կրճատել պլաստմասսայի արտադրությունը. եթե 2010-ին ԵՄ երկրներին, Մեծ Բրիտանիային և Շվեյցարիային բաժին էր ընկնում պլաստիկի արտադրության ընդհանուր ծավալի 21%-ը, ապա 2020 թվականի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 15%-ի: