ԲՆՈՒԹՅՈՒՆ

Վայրի խոզերի գործունեության հետևանքով ամեն տարի արտադրվում է այնքան CO2, որքան 1,1 միլիոն ավտոմեքենան

Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա) և Քենթերբերիի (Նոր Զելանդիա) համալսարանների մասնագետները համակարգչային մոդելավորման միջոցով գնահատել են գլոբալ տաքացման վրա վայրի խոզերի ունեցած ազդեցության աստիճանը: Պարզվել է, որ ամբողջ աշխարհում վայրի խոզերի գործունեության հետևանքով դեպի մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների քանակը համարժեք է 1,1 միլիոն ավտոմեքենաների կողմից կատարվող արտանետումներին:
«Երբ խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխությանը, մենք հակված ենք մտածել հանածո վառելիքի դասական խնդրի մասին: Սակայն սա ածխածնի արտանետումների և կլիմայի հնարավոր փոփոխության սպառնալիքներից մեկն է։ Երևույթն իրականում, գլոբալ իմաստով, բավարար ուսումնասիրված չէ»,- նշել են գիտնականները։
Ածխածնի երկօքսիդը (CO2) մթնոլորտում ստեղծում է ջերմոցային էֆեկտ։ Այն թույլ է տալիս արևի ճառագայթներին հասնել Երկրի մակերևույթ և, միաժամանակ, թույլ չի տալիս Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։
Ջերմոցային գազերը համարվում են գլոբալ տաքացման հիմնական ներդրողը, և կլիմայի փոփոխությունները կանխարգելելուն միտված ծրագրերը նպատակ ունեն կրճատել հենց ջերմոցային գազերի՝ մասնավորապես, CO2-ի արտանետումները։ Նշենք նաև, որ ջերմոցային գազերի առաջացման 50%-ը բաժին է հասնում հենց ածխածնի երկօքսիդին, քլորֆտորածխաջրածինների բաժինը կազմում է 15-20%, մեթանինը՝ 18%։ ՀՀ տարածքում ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ հաշվետվությունը՝ այստեղ։
Այսպիսիով, գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սնունդ որոնելու համար վայրի խոզերն ամբողջ աշխարհում տարեկան արմատախիլ են անում, «հերկում են» 36-ից 124 հազար քառակուսի կիլոմետր հողատարածք, որի հետևանքով հողում գտնվող մանրէները ստանում են թթվածնի ներհոսք և սկսում են ինտենսիվ բազմապատկվել՝ արտազատելով լրացուցիչ 4,9 միլիոն տոննա ածխաթթու գազ: Ընդ որում, հողային շերտի խախտման արդյունքում մթնոլորտ է դուրս գալիս մեծ քանակության ածխաթթու գազ․ «Քանի որ հողում ածխածնի քանակությունը գրեթե երեք անգամ ավելին է, քան մթնոլորտում, ուստի հողից արտանետվող ածխածնի նույնիսկ փոքր մասը զգալի ներուժ ունի՝ արագացնելու կլիմայի փոփոխությունը»,- նշում են հեղինակները։
Ըստ ուսումնասիրության համահեղինակ Օ’բրյանի, վայրի խոզերը նման են մինի տրակտորների, որոնք հող են հերկում․ «Հողօգտագործման ցանկացած փոփոխություն կարող է ազդեցություն ունենալ ածխածնի արտանետումների վրա։ Նույնը տեղի է ունենում, երբ տրակտորը մտցնում ես դաշտ կամ անտառներ ես հատում»:
Գիտնականների կարծիքով, խնդիրն այդքան մասշտաբային չէր լինի, եթե վայրի խոզերը շարունակեին ապրել իրենց ավանդական բնակավայրերում: Սակայն մարդը վայրի խոզերին տարածեց Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, որտեղ դրանք մեծ արագությամբ բազմանում ու շարունակում են տարածվել՝ ոչնչացնելով ծառերն ու գյուղատնտեսական մշակաբույսերը։
Ուսումնասիրությունը հրապարակվել է Global Change Biology ամսագրում։