ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալները ձուլվել են 78,985 տոննա էլեկտրոնային թափոնների վերամշակման արդյունքում

2010 թվականից ի վեր ամբողջ աշխարհում էլեկտրոնիկայից առաջացող թափոնների (electronic waste կամ e-waste) ծավալը կտրուկ աճում է։ Ըստ վիճակագրության, 2019 թվականը գոյացել է շուրջ 53,6 միլիոն տոննա թափոն, որից 44,4 միլիոնը վերջին հինգ տարվա ընթացքում։ Դրանից ընդամենը 17.4 տոկոսն է փաստաթղթավորվել՝ պատշաճ վերամշակման համար:

Այս ցուցանիշները հիմնականում պայմանավորված են նոր սարքավորումների՝ սմարթֆոնների, դյուրակիր համակարգիչների ու պլանշետների մեծ պահանջարկով։ Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին աշխարհում վաճառվել է շուրջ 300 մլն սմարթֆոն, իսկ 2019 թվականին այս թիվը հնգապատկվել է՝ հասնելով 1,5 մլրդ-ի (2007-2021 թվականներին ամբողջ աշխարհում վաճառված սմարթֆոնների քանակական ցուցանիշները՝ այստեղ

Այս տարվա Օլիմպիական խաղերն ընդունող երկիրը՝ Ճապոնիան, որոշեց օգտագործել այդ իրադարձությունը՝ էլեկտրոնիկայից առաջացող թափոնների խնդիրը բարձրաձայնելու և շոշեփելի քայլեր նախաձեռնելու համար։ Այս տարվա օլիմպիական մեդալները պատրաստելու համար նրանք օգտագործել են էլեկտրոնային թափոն:

«Tokyo 2020 Medal Project» անվանումը կրող նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս 2017 թվականին: 2017-2019թթ․ Ճապոնիայում անցկացվող Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսեց հավաքագրել էլեկտրոնային թափոններ՝ ամբողջ երկրից։ Նախաձեռնությունն ստացավ լայն աջակցություն՝ հասարակության բոլոր շերտերի կողմից՝ մարզիկներից մինչև ուսանողներ ու դպրոցականներ, գիտնականներից մինչև մասնավոր ձեռկարկությունների աշխատակիցներ ու պետաշխատողներ։

Հավաքագրման աշխատանքները պաշտոնապես փակվեցին 2019 թվականի մարտին: Ընդհանուր առմամբ հավաքվել էր 78,985 տոննա էլեկտրոնային թափոն, որից 6,21 միլիոնը օգտագործված հեռախոսներ էին: Դասակարգելուց հետո այս թափոններն ուղարկվել են վերամշակման։ Մետաղական տարրերը հալեցրել են, այնուհետև՝ զտել: Գործընթացի ավարտին հավաքված թափոններից գոյացել 32 կգ ոսկի, 3500 կգ արծաթ և 2250 կգ բրոնզ, որոնք և օգտագործվել են Օլիմպիական խաղերի համար նախատեսված շուրջ 5000 մեդալները ձուլելու համար։