ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՏԻԵԶԵՐՔ

NASA- ն աշխատանքի է հրավիրում կամավորների, ովքեր պատրաստ կլինեն մեկ տարի ապրել իրական Մարսի պայմաններում

NASA-ում սկսվել է Մարսի վրա կյանքի մոդելավորման նախագծի համար թեկնածուների ընտրությունը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է։ Նախագիծն իրենից ներկայացնում է հատուկ սիմուլյացիոն գործունեություն, որի ընթացքում մի քանի մարդ 2022 թվականի աշնանից սկսած 12 ամիս շարունակ կապրեն «Mars Dune Alpha» անունը կրող հատուկ համալիրում: Համալիրն առավելագույնս համապատասխանում է այն պայմաններին, որոնցում կհայտնվեն Մարսի ապագա գաղութարարները: Համալիրի մակերեսը 160 մ2 է, այն հագեցած է աշխատանքի, կենսապահովման, գիտական հետազոտությունների, կապի, ֆիզիկական վարժությունների, գյուղատնտեսական բերքի մշակման և այլնի համար անհրաժեշտ տարատեսակ սարքավորումներով:

NASA-ում նշում են, որ նախկինում սիմուլյացիոն ոչ մի նախագիծ չի եղել այդ աստիճան նման իրական պայմաններին: Նոր նախագծում բառացիորեն ամեն ինչն է մտածված՝ ներառյալ կապի ազդանշանների ուշացումները մեծ հեռավորության պատճառով: Ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել երեք երկարաժամկետ ուսումնասիրություն՝ 2022, 2024 և 2025 թվականներին: Դրանց արդյունքում ձեռք բերված տվյալները կօգտագործվեն դեպի Մարս իրական թռիչքի կազմակերպման և Մարսի վրա գաղութացման գործընթացների իրագործման համար։

Ինչ վերաբերում է թեկնածուներին ներկայացվող պահանջներին, ապա դրանք հետևյալն են՝

  • Լինել ԱՄՆ-ի քաղաքացի կամ ռեզիդենտ
  • 30-55 տարեկան, առողջ
  • Ունենալ գիտական աստիճան STEM (Science, Technology, Engineering, Math-ԳիտությունՏեխնոլոգիաՃարտարագիտություն և Մաթեմատիկա) ոլորտում
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ STEM ոլորտում կամ 1000 ժամ ռեակտիվ ինքնաթիռի վարման փորձ
  • Կարողանալ անցնել NASA-ի՝ տիեզերագնացների համար նախատեսված երկարատև թռիչքի փորձարկումը։