ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Իլոն Մասկը ներկայացրել է Tesla-ի ապագա մարդոիդ ռոբոտի հայեցակարգը

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է, որ ընկերությունն աշխատում է մարդոիդ ռոբոտի ստեղծման վրա։ Ընկերության ներսում ռոբոտի կոդավորված անվանումը Optimus է, սակայն համացանցում մարդոիդ ռոբոտն այլ անվանում ունի՝ Tesla Bot։ Թե ինչպիսի տեսք կունենա Tesla Bot-ը, Մասկը բացահայտեց Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում անցկացված AI Day միջոցառման ավարտին՝ հատուկ հանդերձանքով դերասանի միջոցով, ով բեմ վրա կրկնօրինակում էր ապագա մարդոիդ ռոբոտին։ Հայեցակարգն արտաքինից նման է Ալեքս Պրոյասի գիտաֆանտաստիկ «Ես ռոբոտ եմ» ֆիլմում (2005) հանդիպող ռոբոտներին։

Ըստ Մասկի՝ Optimus-ը ստեղծելիս կօգտագործվեն Tesla-ի ավտոմատացված համակարգերի զարգացումները ու ծրագրային ապահովումները: Մասնավորապես, մարդոիդ ռոբոտի նախագծման մեջ կօգտագործվի Tesla-ի ավտոպիլոտը։ «Ըստ էության, եթե մտածենք, թե ինչ ենք մենք այժմ անում մեքենաների հետ, ապա կարող եք գալ այն եզրակացության, որ Tesla-ն ռոբոտաշինական ընկերություն է»,- նշել է Մասկն ու հավելել, որ Tesla-ի մեքենաներում առկա գերժամանակակից տեխնոլոգիաները՝ հատուկ նեյրոնային ցանցերից մինչև լիարժեք ինքնակառավարման համակարգեր, պետք է օգտագործվեն և մեկտեղվեն «մարդոիդ ձևի մեջ»։

Ամենայն հավանականությամբ, Optimus-ը կունենա 172 սմ հասակ, իսկ քաշը կլինի 56 կգ։ Այն կարող է շարժվել առավելագույնը 8 կմ/ժ արագությամբ։ Ռոբոտի դեմքը կլինի էկրան, որի վրա կցուցադրվի անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում, Tesla Bot-ը նախատեսված է լուծելու վտանգավոր կամ առօրյա ու ձանձրալի առաջադրանքները, օրինակ՝ գնումներ կատարելը և այլն։ Մասկը չի բացառել նաև, որ ապագայում ռոբոտը կարող է դառնալ ավելին, քան պարզապես օգնականը: «Գնեք մարդոիդ ռոբոտին, և նա կդառնա ձեր ընկերը», – ասել է միլիարդատերը:

Ըստ Մասկի, Tesla-ն արդեն ունի այն ամենն, ինչ անհրաժեշտ է Optimus-ը ստեղծելու համար։ Իսկ ինչ վերաբերում է աշխատանքների ընթացքին, Մասկը նշել է, որ գործընթացը պետք է հնարավորինս արագացնել, որովհետև եթե իր թիմը դա չարեց, կանեն ուրիշերը։

Նա չի նշել մարդոիդ ռոբոտի գինը, սակայն ակնարկել է, որ Tesla- ն կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի ռոբոտը չվերածվի գերթանկարժեք ապրանքի։