ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թանաքաձկների հիշողությունը բարելավվում է տարիքի հետ

Մեր հիշողությունը ժամանակի ընթացքում ջնջվում է, բայց ջնջվում է տարբեր եղանակներով. մենք բազմապատկման աղյուսակը շատ ավելի լավ ենք հիշում, քան այն, թե ինչպես ենք տասը տարի առաջ նշել, օրինակ, Ամանորը: Բազմապատկման աղյուսակը վերաբերում է, այսպես կոչված, սեմանտիկ հիշողությանը (բառերի իմաստների, կոնցեպցիաների փոխհարաբերության հիշողությունն է), որը պահպանում է օբյեկտիվ տեղեկատվություն մեզ շրջապատող աշխարհի մասին, մեր անցկացրած Ամանորը վերաբերում է էպիզոդիկ հիշողությանը, որը պահպանում է այն, ինչ առնչվում է անձամբ մեզ հետ, մեր անձնական պատմությանը և հույզերին: Իհարկե, եթե խոսենք սեմանտիկ հիշողության մասին, ապա դրանից ժամանակ առ ժամանակ ինչ -որ բան ևս ջնջվում է, օրինակ` մեկ անգամ կարդացած գրքերը և այլն: Սակայն սեմանտիկ հիշողության համատարած կորուստը խոսում է ուղեղի որոշ լուրջ խնդիրների մասին: Միևնույն ժամանակ, ոչ ոք չի վախենում, երբ հասկանում է, որ մոռացել է իր կյանքի որոշ իրադարձություններ կամ ինչ ինչ դրվագներ․ նման մոռացությունը նորմայի սահմաններում։

Ենթադրվում է, որ կապիկներին, անտառային կաչաղակներին ու առնետներին ևս բնորոշ են հիշողության այս երկու տեսակները: Վերջերս Քեմբրիջի համալսարանի հետազոտողները, Կան Նորմանդիա համալսարանի (Ֆրանսիա) մասնագետների հետ համատեղ, Proceedings of the Royal Society B ամսագրում հրապարակել են հոդված, ըստ որի, թանաքաձկները (cuttlefish) նույնպես ունեն սեմանտիկ և էպիզոդիկ հիշողություն։ Իհարկե, սա այնքան էլ զարգամալի չէ, որովհետև թանաքաձկները, և առհասարակ, գլխոտանիները համարվում են ամենախելացի կենդանիներից մեկը։ Առավել հետաքրքիրն այն է, որ թանաքաձկների էպիզոդիկ հիշողությունը ժամանակի ընթացքում ոչ թե ջնջվում է, այլ միայն՝ լավանում:

Փորձի համար գիտնականները վերցրեցին երիտասարդ և մեծահասակ թանաքաձկներ (մեկ և երկու տարեկան), որոնց օրական երեք անգամ ֆիքսված ժամերի և յուրաքանչյուր ժամի համար որոշակի վայրում կերակրում էին։ Երեք շաբաթ անց նրանք փորձարկեցին թանաքաձկների՝ այդ վայրերը և հստակ ժամերը հիշելու ունակությունը։ Յուրաքանչյուր թանաքաձուկ հստակ գիտեր, թե որտեղ և որ ժամին պետք է սպասել սննդի: Եվ նույնիսկ եթե սնունդը չէր հայտնվում, դրանք շարունակում էին սպասել և որոշ ժամանակ էին անցկացնում այդ տարածքում։ Ըստ փորձի հեղինակների, սա հուշում է այն մասին, որ այս կենդանիների սեմանտիկ հիշողությանն ուժեղ է։

Թանաքաձկների էպիզոդիկ հիշողությունը փորձարկելու համար գիտնականները ավելացրեցին ևս մեկ փոփոխական՝ կենդանիների սննդային նախասիրությունը: Սննդի առաջին ընդունումից հետո երկրորդ անգամ սնունդ տալիս էին 1 կամ 3 ժամ անց, ընդ որում 1 ժամը լրանալուց հետո թանաքաձկներին տալիս էին ծովախեցգետնի մանրացված միս, իսկ 3 ժամ անց՝ լողավազանի տարբեր հատվածներում (առանձնացված սև և սպիտակ դրոշներով) տալիս էին մանրացված կամ կենդանի ծովախեցգետիներ․ վերջինս թանաքաձկների համար շատ ավելի համեղ է։

Թանաքաձկները պետք է հիշեին, որ ավելի լավ է երեք ժամ սպասել, քան սննդի առաջին ընդունումից մեկ ժամ հետո լողալ երկրորդ ճաշի ետևից: Այսինքն, դրանցից պահանջվում էր հիշել իրենց կյանքի որոշակի դրվագ՝ հիշել, որ եթե երեք ժամ սպասեն, ավելի համեղ ուտեստ կստանան: Մի քանի շաբաթ անց՝ թե՛ երիտասարդ, թե՛ մեծահասակ թանաքաձկները սովորեցին ամենինչ և պատրաստ էին ավելի երկար սպասել՝ ավելի համեղ սնունդ ստանալու համար: Սակայն պարբերաբար որոշ թանաքաձկներ՝ հատկապես երիտասարդները, մոռանում էին, թե ինչ է պետք անել: Այլ կերպ ասած, թանաքաձկների մոտ էպիզոդիկ հիշողությունը բարելավում է տարիքին զուգահեռ:

Իհարկե, ընդհանուր առմամբ, թանաքաձկների ուղեղը, ինչպես և մնացած կենդանիներինը, տարիքի հետ սկսում է վատանալ: Բայց հիշողության և ուսուցման համար պատասխանատու հատվածները մինչև ծերությունը շատ լավ վիճակում են մնում:

Գիտնականները կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ թանաքաձկները գրեթե մինչև իրենց կյանքի վերջին օրերը չափազանց ակտիվ են բազմանում: Եվ եթե «նպատակ» կա հնարավորինս շատ սերունդ թողնելու, ապա պետք է լավ հիշել բոլոր սեռական զուգընկերներին, որպեսզի ավելորդ ժամանակ և էներգիա չծախսվի նրանց վրա, ում հետ արդեն ամեն ինչ եղել է: Եվ էպիզոդիկ հիշողությունը, որը միայն բարելավվում է տարիքի հետ, այս հարցում միանշանակ շատ օգտակար է։