ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մաթեմատիկական մոդելը կարող է որոշել յուրաքանրյուրի համար մարզումների լավագույն տարբերակը

Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել են մաթեմատիկական մոդել, որը, մարդու անհատական ֆիզիոլոգիական առանձնահատկություններից ելնելով, որոշում է մկանային զանգված հավաքելու համար անհրաժեշտ վարժությունների օպտիմալ ռեժիմը։

Մոդելը հիմնված է նույն հեղինակների ավելի վաղ կատարած ուսումնասիրության վրա, որի արդյունքում հայտնաբերվել էր, որ տիտին սպիտակուցը (38,138 ամինաթթուներից կազմված սպիտակուց է, որի  ամբողջական անվանումը պարունակում է 189,819 տառ) պատասխանատու է մկանների աճի վրա ազդող քիմիական ազդանշանների առաջացման համար։ Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կախված ֆիզիոլոգիայից, յուրաքանչյու մարդու համար գոյություն ունի ֆիզիկական վարժությունների կատարման ծանրաբեռնվածության և ժամանակի օպտիմալ համադրություն, որը և օգնում է հնարավորինս արդյունավետ զարգացնել մկանները։

Եթե ​​ֆիզիկական վարժությունների ծանրաբեռնվածությունը քիչ է, ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է բազմապատկել դրանց կատարմանը հատկացվող ժամանակը: Սակայն եթե ​ վարժությունները չափից շատ լինեն, ապա կարող են հանգեցնել հակառակ էֆեկտի՝ մկանների դիսֆունկցիայի, քանի որ մկաններն առավելագույն ծանրաբեռնվածության տակ կարող են գտնվել շատ կարճ սահմանափակ ժամանակահատվածում: Մոդելի տվյալների համաձայն մկանների աճի համար լավագույն տարբերակը վարժությունների կատարումն է առավելագույնից 70% ծանրաբեռնվածությամբ։

Գիտնականների առաջարկած մոդելի հիմքում տեսական կենսաֆիզիկայի մեթոդներն են: Այն ցույց է տալիս, թե որքան ջանք պետք է գործադրի մարդը մկանային հյուսվածքը զարգացնելու համար և որքան ժամանակ կպահանջվի դրան հասնելու համար:

Հետագայում գիտնականները նախատեսում են ստեղծել այնպիսի հավելված, որի միջոցով օգտվողները կլրացնեն իրենց անհատական ֆիզիոլոգիական տվյալները և հնարավորություն կունենան ընտրելու իրենց նպատակներին համապատասխան մարզմումների օպտիմալ ռեժիմներ։  

Մաթեմատիկական մոդելը կարող է որոշել յուրաքանրյուրի համար մարզումների լավագույն տարբերակը