ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային» աղը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը

Մարդու սննդակարգում աղի ավելցուկի պատճառով հյուսվածքներում չափազանց շատ հեղուկ է կուտակվում: Ինչի հետևանքով բարձրանում է արյան ճնշումը, և մեծ քանակությամբ աղի երկարատև օգտագործման դեպքում մեծանում է հիպերտոնիայի, ինֆարկտի, ինսուլտի և սրտանոթային այլ հիվանդությունների առաջացման վտանգը: Այնուամենայնիվ, մարդու համար կերակրի աղը (նատրիումի քլորիդը (NaCl) կենսական նշանակություն ունի՝ քլորի իոնները անհրաժեշտ են աղաթթու արտադրելու համար, իսկ նատրիումի իոնները ներգրավված են նյարդային ազդակների փոխանցման և մկանային մանրաթելերի կծկման գործընթացների մեջ:

ԱՀԿ-ի տվյալներով ՝ մեծահասակների համար աղի ընդունման նորման օրական մոտ 5 գրամ է կազմում: Սակայն շատերը զգալիորեն գերազանցում են այն՝ համի բարելավման համար աղն ավելացնելով սննդի մեջ։ Քանի որ առողջական խնդիրները ծագում են նատրիումի ավելցուկից, մշակվել են աղեր, որոնք ավելի քիչ նատրիում են պարունակում, փոխարենն ունեն ավելացված կալիում: Թեև այս տեսակի աղերը երկար ժամանակ է, ինչ վաճառքի են դրվել խանութներում և մակնշված են որպես հիպերտոնիայի և այլ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը նվազեցնողներ, այնուամենայնիվ դրանց հնարավոր օգուտների վերաբերյալ որակական հետազոտություններ դեռևս չէին իրականացվել:

Հետազոտողների միջազգային խումբը Պեկինի համալսարանի չինացի մասնագետների հետ համատեղ որոշեցին լրացնել այդ բացը։ Ուսումնասիրությանը մասնակցել է Չինաստանի գյուղական վայրերում բնակվող ավելի քան 200,000 տարեց մարդ։ Գիտնականները մասնակիցների կեսին անվճար ապահովել էին կալիումով հագեցած և նատրիումի մեկ քառորդով նվազեցված աղ, իսկ մյուս կեսն օգտագործում էր սովորական կերակրի աղ: Բացի այդ, առաջին խմբին առհասարակ խրախուսվում էր օգտագործել ավելի քիչ աղ` նատրիումի ընդունումը նվազեցնելու համար:

Ուսումնասիրությունը նախատեսվում էր անցկացնել հնգամյա շրջանում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այն ավելի վաղ ավարտվեց: Այնուամենայնիվ խմբերի միջև արդեն նկատելի տարբերություն կար:

Փորձի ընթացքում ավելի քան 4000 մասնակից մահացավ, ավելի քան 3000-ը ինսուլտ ստացան, և ավելի քան 5000-ը բախվեցին սրտանոթային լուրջ հիվանդությունների հետ: Գիտնականներն այդ փաստերը համեմատեցին երկու խմբերի տոկոսային հարաբերության հետ, և պարզվեց, որ նվազեցված նատրիումով աղ օգտագործող խմբում ինսուլտի ռիսկը նվազել է 14%-ով, սրտանոթային հիվանդությունների ռիսկը` 13%-ով, իսկ մահվան ռիսկերը` 12%-ով:

Եթե ​​ամբողջ աշխարհում մարդիկ անցնեն այս այլընտրանքային աղին, ապա ամեն տարի հնարավոր կլինի կանխել միլիոնավոր վաղաժամ մահեր:

Այնուամենայնիվ, մի աղը մյուսով փոխարինելը կարող է խնդիրներ առաջացնել շատ երկրներում: Առաջնահերթ դրանք կապված են սննդի արդյունաբերության հետ, քանի որ զանգվածային արտադրության սննդամթերքը, որպես կանոն, մեծ քանակությամբ նատրիումի քլորիդ է պարունակում։ Իհարկե սննդի արդյունաբերական արտադրության մեջ կերակրի աղը կարող է փոխարինվել ավելի քիչ վնասակար աղով, բայց դրա համար արդեն կպահանջվեն սննդամթերք արտադրողների և պետական վերահսկող մարմինների միջև համակարգված գործողություններ:

Ինչ վերաբերում է ֆինանսական հարցին՝ «այլընտրանքային» աղն արժե մոտ 50%-ով ավելի, քան սովորական աղը, բայց սովորական աղն ինքնին շատ էժան է, ուստի փոխարինումը բավականին մատչելի է, հատկապես հաշվի առնելով «այլընտրանքային» աղի առավելությունները։

Ուսումնասիրությունը հրապարակվել է The NEJM ամսագրում: