ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ է սպորտը համարվում «դեղամիջոց»

Այն, որ սպորտը բարելավում է առողջությունը՝ բոլորը գիտեն: Ֆիզիկական վարժությունները ամրացնում են մեր մկաններն ու ոսկորները, բարելավում են արյան շրջանառությունը և հոդերն ավելի շարժունակ են դարձնում: Միևնույն ժամանակ, կարգավորում է սրտի աշխատանքը՝ դարձնելով այն ավելի դիմացկուն, կեցվածքը դարձնում ճիշտ և գեղեցիկ՝ հեռացնելով ավելորդ ճարպերը։ Արդյունքում, սպորտով զբաղվող մարդիկ ավելի առողջ և գեղեցիկ տեսք ունեն (իհարկե, գեղեցկության մասին կենսաբանական տեսանկյունից խոսելն ամբողջովին ճիշտ չէ):

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ վազքը, հեծանվավազքը կամ նույնիսկ պարզապես քայլելը դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա, բարձրացնում է զգոնությունն ու նվազեցնում Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Ավելին, սպորտը դրական ազդեցություն է ունենում ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների ուղեղի աշխատանքի վրա:

Բայց ինչպե՞ս են ֆիզիկական վարժություններն ազդում ուղեղի վրա:

Երկար ժամանակ ուղեղի աշխատանքի վրա սպորտի դրական ազդեցությունը վերագրվում էր արյան շրջանառության բարելավմանը: Ուղեղը սկսում է ավելի լավ ստանալ սննդարար նյութեր և թթվածին։ Բացի այդ, կան նաև մոլեկուլային ազդակներ, որոնք արձակվում են մկանների աշխատանքի ընթացքում: Դրանք խթանում են ուղեղի նեյրոններին սինթեզել BDNF սպիտակուցը (գլխուղեղի նեյրոտրոպ գործոն), որն էլ իր հերթին խթանում է հենց այդ նեյրոնների աճը՝ նպաստելով ճանաչողական ունակությունների բարելավմանը։

Բացի այդ, ֆիզիկական վարժությունների ընթացքում բարձրանում է նեյրոպեպտիդ գալանինի մակարդակը (սպիտակուց, որն օգնում է հաղթահարել սթրեսը): Դրա բարձր պարունակությունը թույլ է տալիս նեյրոններին ազդանշաններն ավելի լավ փոխանցել միմյանց միջև և ամրացնել նեյրոնային կապերը: Արդյունքում, ուղեղի աշխատանքն, ընդհանուր առմամբ ավելի է բարելավվում:

Իսկ բոլորովին վերջերս Nature Metabolism ամսագրում հրապարակվել է  ևս մեկ հոդվածը այս թեմայով։ Ինչպես պարզել են Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի հետազոտողները, ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ ակտիվանում է ուղեղի աշխատանքի բարելավման ևս մեկ մեխանիզմ, որը կապված է իրիզին հորմոնի հետ: Այս հորմոնը առաջանում է բարդ սպիտակուցից, որը սովորաբար գտնվում է բջջթաղանթներում։

Ֆիզիկական ակտիվության ժամանակ մկանների բջիջներում ավելանում է այս սպիտակուցի սինթեզը: Այնուհետեւ, սինթեզից հետո, այն տրոհվում է առանձին մասերի, որոնցից մեկը իրիզին հորմոնն է: Պետք է նաև նշել, որ այս հորմոնը ազդում է ոչ միայն ուղեղի աշխատանքի վրա, այլև նպաստում է մկանային զանգվածի աճին, ինչպես նաև նվազեցնում է շաքարախտի և ճարպակալման առաջացման հավանականությունը։

Ուղեղի վրա իրիզին հորմոնի ազդեցությունը հասկանալու համար գիտնականներն ուսումնասիրություններ են անցկացրել գենետիկորեն և ֆիզիոլոգիապես տարբեր մկների հետ: Պարզվեց, որ առանց իրիզինի, ուղեղն ավելի արագ էր ծերանում, և կրծողների մոտ առաջանում էր Ալցհեյմերի հիվանդությունը: Իսկ հիպոկամպում ձևավորվող նոր նեյրոնները թե՛ արտաքնապես, թե՛ մոլեկուլյար մակարդակում բոլորովին այլ տեսք ունեին, քան պետք էր: Ֆունկցիոնալ առումով նույնպես շեղումներ էին արձանագրվել։

Հիշեցնենք, որ հիպոկամպը հիշողության հիմնական կենտրոններից մեկն է, և մարդու ողջ կյանքի ընթացքում հիպոկամպում նոր նեյրոնները են սինթեզվում։

Եթե ​​հիպոկամպի նեյրոնները որևէ շեղում ունեն, ապա դա անմիջապես ազդում է հիշողության վրա: Երբ մկներին արյան կամ ուղղակիորեն հիպոկամպի մեջ ներարկում էին իրիզին հորմոնը, անմիջապես նկատվում էր ուղեղի աշխատանքի բարելավում։

Բայց ինչո՞ւ և ինչպե՞ս է իրիզինը ազդում ուղեղի վրա: Իրականում, այն անուղղակիորեն է ազդում՝ խթանելով BDNF սպիտակուցի սինթեզը։ Բացի այդ, հորմոնն ունի հակաբորբոքային հատկություններ։

Գիտնականները պարզել են, որ իրիզինը հանգստացնող ազդեցություն ունի գլիալ բջիջների վրա, որոնք պատասխանատու են ուղեղի իմունային գործառույթի համար: Գլիան կարող է բորբոքում առաջացնել, դրանով իսկ խթանելով տարբեր բացասական հետևանքներ, ներառյալ Ալցհայմերի հիվանդությունը: Ահա թե ինչու իրիզինը կարող է անուղղակիորեն խոչընդոտել նեյրոդեգեներատիվ գործընթացներին, այն պարզապես կանխում է ուղեղի բորբոքային պրոցեսների զարգացումը:

Եթե ​​մարդկանց մասնակցությամբ կատարված ուսումնասիրությունները ցույց տան նմանատիպ արդյունքներ, ինչ և մկների պարագայում, ապա հնարավոր է, որ շուտով իրիզինի հիման վրա նոր դեղահաբեր ստեղծվեն, որանք թույլ կտան տարեց մարդկանց պահպանել ուղեղի նորմալ աշխատանքը։