ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Գիտափորձի արդյունքների համաձայն՝ դիմակներն իսկապես կարող են կանխել SARS-CoV-2-ի տարածումը

Առ այսօր դիմակ կրելու հորդորները հիմնված էին ընդհանուր վիրուսային հիվանդությունների դեմ պայքարի փորձի վրա, և պատշաճ կերպով դիմակը կրելուն դեմ հանդես եկող մարդիկ, որպես փաստարկ ներկայացնում էին այն, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար դիմակ կրելու արդյունավետությունը փաստող կանոնավորված վերահսկվող գիտափորձ չէր կատարվել։ Նման գիտափորձը ընդունված է համարել «ոսկե ստանդարտ»։  Վերջերս Բանգլադեշում անցկացվեց նման զանգվածային հետազոտություն, որի արդյունքները միանշանակ ցույց տվեցին, որ բժշկական դիմակները իսկապես նվազեցնում են SARS-CoV-2- ի տարածումը:

Գիտնականները կարծում են, որ այս հետազոտության արդյունքները վերջ կդնեն բժշկական դիմակների արդյունավետության մասին բանավեճերին։

Գիտափորձի ժամանակ Բանգլադեշի և ԱՄՆ-ի գիտնականները ուսումնասիրել են դիմակների օգտագործման արդյունավետությունը Բանգլադեշի 600 գյուղերում: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 342,000 մեծահասակ։ Այն տևել է վեց ամիս՝ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թ․ ապրիլ։ Փորձի ժամանակ 178 000 մարդ ստացել են անվճար դիմակներ, նրանց տրամադրվել է տեղեկատվություն դիմակների կրման կարևորության վերաբերյալ և պարբերաբար անհատական հիշեցումներ են ուղարկվել, իսկ համայնքի ղեկավարները որպես օրինակ են ծառայել՝ պատշաճ կերպով դիմակ կրելով։ Իսկ մյուս՝ վերահսկիչ խմբի մասնակիցները՝ 164 000 մարդ, այս միջամտություններից ոչ մեկը չեն ստացել: Այնուհետև հետազոտողները դիտորդներ են ուղարկել համայնքներ, ովքեր ամեն շաբաթ հետևել են, թե քանի մարդ է պատշաճ կերպով դիմակ կրում և հանրային վայրերում պահպանում սոցիալական հեռավորությունը:

Ստացված արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ առաջին խմբում պատշաճ կերպով դիմակը կրում էին մասնակիցների 42,3%, իսկ վերահսկիչ խմբում՝ 13,3%։

Փորձարկումից հինգ ամիս անց, երբ «միջամտության ազդեցությունը մարեց», երկու խմբերում էլ ավելի քիչ մարդիկ էին պատշաճ կերպով դիմակները կրում, սակայն առաջին խմբում այդ ցուցանիշը, միևնունն է  10 % ավելի բարձր էր, քան երկրորդ խմբում։

Երկու խմբերում միասին մոտ 11,000 մարդու մոտ առկա էին COVID-19-ի ախտանիշներ, ընդ որում առաջին խմբում կորոնավիրուսի տարածման ընդհանուր ցուցանիշը 9,3%-ով ցածր էր, իսկ 60-ից բարձր մարդկանց շրջանում տարբերությունը կազմել էր 34,7 %։ Սակայն գիտնականները նշում են, որ եթե դիմակ կրելն ավելի խիստ վերահսկվեր այդ ցուցանիշներն ավելի բարձր կլինեին։

Նշենք նաև, որ հետազոտությունը տեղադրվել է The Innovations for Poverty Action հարթակում, և գտնվում է գրախոսման փուլում՝ Science ամսագրում հրապարակվելու համար: