ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Telosa՝ ապագայի քաղաք

Ամերիկացի գործարար Մարկ Լորը, ով հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2016 թվականին իր Jet.com առցանց առևտրային կայքը 3,3 միլիարդ դոլարով վաճառեց Walmart-ին, հայտնել է չափազանց հավակնոտ նախագծի՝ «նոր դրախտային քաղաք» հիմնելու մտադրության մասին։ Ըստ Լորի, գաղափարն ամենևին ուտոպիստական չէ, այն ամբողջությամբ իրատեսական է և հիմնված է շրջակա միջավայրի պահպանության և ընդհանուր զարգացման սկզբունքների վրա: Ապագա քաղաքն արդեն ստացել է իր անվանումը՝ Telosa։

Գործարարը ցանկանում է կառուցել կապիտալիզմն առանց իր բնածին թերությունների՝ մի բան, որի մասին երազում էին Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը, իսկ Եվրոպայից գաղթածները փորձում էին դա իրականացնել որոշ բնակավայրերում: Հիմնական խնդիրը հողատարածքների սեփականությունն է, քանի որ վերջիններիս արժեքն աստիճանաբար ավելի ու ավելի է բարձրանում՝ դրա վրա գտնվող քաղաքի մեծանալով պայմանավորված: Սա թույլ է տալիս հողատերերին ստանալ հսկայական շահույթ և առանց մեծ ջանքերի ազդել համայնքային կյանքի վրա, ինչը և հսկայական անհավասարություններ է ստեղծում նրանց և այլ բնակիչների միջև:

Telosa-ում ամենինչ այլ կլինի։ Հողատարածքների սեփականության նկատմամբ Լորի արմատական ​​մոտեցումը ոգեշնչված է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական գործիչ Հենրի Ջորջի (1839-1897) «Առաջընթաց և աղքատություն» տրակտատից (Տրակտատն ուսումնասիրում է տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում աճող անհավասարության և աղքատության պարադոքսը, բիզնեսի և արդյունաբերական տնտեսությունների բնույթը, ինչպես նաև վարձավճարների օգտագործումը (օրինակ, հողի արժեքի հարկը) և հակամենաշնորհային այլ բարեփոխումները): Ըստ Լորի, ամերիկյան ընտանեկան հարստության մեծ մասը ստեղծվել է պարզապես բախտի շնորհիվ, երբ «նրանց ձեռնափայտը խփել է գետնին ու ասել՝ այս հողն իմն է»։

Մարկ Լորի կողմից գնված 150 հազար հեկտար հողատարածքը, որի վրա էլ կառուցվելու է քաղաքը, կղեկավարի քաղաքային հիմնադրամը, որը հողակտորները վարձակալությամբ կտա և դրանից ստացված եկամուտը կհատկացնի քաղաքի կարիքները հոգալու համար: Առաջին փուլում ծախսերը կկազմեն մոտ 25 միլիարդ դոլար, քաղաքում բնակություն կհաստատեն 50.000 մարդ, սակայն մի քանի տարի անց բնակչությունը կաճի մինչև 5 միլիոն, իսկ քաղաքի բյուջեն կգերազանցի 400 միլիարդ դոլարը:

Telosa-ի բոլոր շենքերը էներգաարդյունավետ են լինելու՝ կունենան արևային վահանակներ, ջրի հավաքման և պասիվ օդորակման համակարգեր: Ճանապարհային տեղաշարժման համար կօգտագործվեն էլեկտրամեքենաներ և հեծանիվները, իսկ արագ տեղափոխումների համար կօգտագործվի օդային տաքսի: Քաղաքը հագեցած կլինի առաջադեմ տեխնոլոգիաներով և ավտոմատացված նորագույն տեխնիկայով։

Քաղաքի նախագիծը մշակվում է Bjarke Ingels Group-ի կողմից, իսկ շինարարությունը կսկսվի 2030 թվականին: