ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն զգալիորեն ավելացրել է ներդրումները ԱԲ տեխնոլոգիաների ոլորտում

ԱՄՆ առևտրի դեպարտամենտը (The United States Department of Commerce) հայտարարել է, որ կստեղծի հատուկ հանձնաժողով՝ արհեստական ​​բանականության ոլորտում հետազոտությունների և զարգացումների հեռանկարներն ու հնարավորությունները ուսումնասիրելու համար։ Ի թիվս այլ հարցերի, հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինի այն, թե ԱՄՆ-ն, արհեստական բանականության շնորհիվ, ինչպես կարող է ընդլայնել իր գերակայությունն այլ տարածաշրջաններում։

Հանձնաժողովի ստեղծումը կապված է համաճարակի ընթացքում ԱԲ տեխնոլոգիաների ոլորտում ներդրումային ծախսերի ավելացման հետ: Ըստ Deltek’s GovWin– ի՝ ԱԲ-ի վրա ԱՄՆ-ի ծախսերը 2020 թվականին հասել են գրեթե 1 միլիարդ դոլարի՝ դարձնելով այն նոր տեխնոլոգիական ներդրումների ամենաարագ զարգացող ոլորտներից մեկը։ Ըստ Բլումբերգի կանխատեսումների, 2021 թվականին ԱՄՆ-ն ավելի քան 6 միլիարդ դոլար կհատկացնի ԱԲ-ի հետ կապված հետազոտական ​նախագծերի համար, ինչն էլ, արդյունքում, մինչև 2030 թվականը կարող է 13 տրիլիոն դոլարի տնտեսական օգուտ բերել։

Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը կոչ է անում իշխանություններին ավելացնել ԱԲ-ի ֆինանսավորումը՝ միաժամանակ խրախուսելով պետական ​​և մասնավոր ընկերությունների համագործակցությունը՝ պետական ​​մարմիններում ԱԲ ծրագրեր մշակելու համար: Ազգային անվտանգության՝ ԱԲ-ի գծով հանձնաժողովը նշում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի մոտ 32 միլիարդ դոլար ծախսել ԱԲ տեխնոլոգիաների մրցավազքում Չինաստանին հաղթելու համար: Այդ նպատակով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկեց ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 2% -ը ծախսել գիտության վրա։

Մասնագետների կարծիքով, թեև ԱՄՆ-ի համար ԱԲ ոլորտում ներդրումներ անելն անհրաժեշտություն է դարձել մրցունակությունը պահպանելու համար, սակայն բացի այդ անհրաժեշտ է նաև բարձրացնել վստահությունը ԱԲ-ի նկատմամբ և մշակել դրա օգտագործման չափանիշները:

Նշենք նաև, որ համաձայն AI Index Report 2021 զեկույցի, ԱԲ տեխնոլոգիաների մեջ ընդհանուր ներդրումները՝ ներառյալ մասնավորները, 2020 թվականին նախորդ տարվա համեմատության աճել են 40 տոկոսով՝ կազմելով 67,9 մլրդ դոլար։