ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկային գործոնով պայմանավորված՝ նոր համաճարակների առաջացման հանավականությունը զգալիորեն աճել է

2019 թվականի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերվելուց ի վեր SARS-CoV-2 վիրուսը միլիոնավոր կյանքեր է խլել և մեծապես փոխել է մարդկության ներկայիս կենսակերպն ու ապագայի վերաբերյալ պատկերացումները։ Հետազոտողները նշում են, որ COVID-19-ը 100 տարի առաջ բռնկված իսպանական գրիպի համաճարակից ի վեր ամենավատ համաճարակն է։

Դյուկի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները վերջերս վերլուծել են այնպիսի հիվանդությունների բռնկումների հաճախականությունը, ինչպիսիք են բնական ծաղիկը, խոլերան, որովայնային տիֆը և գրիպը, ինչպես նաև ուսումնասիրել են դրանց տարածման մասշտաբները։

Ստացված տվյալները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի COVID-19-ի նման համաճարակի բռնկման հավանականությունը կազմում է մոտ 2%, այսինքն՝  նման բան կարող է տեղի ունենալ միջինում 100 տարին երկու անգամ։

Այնուամենայնիվ, վայրի կենդանիների բնակավայրերում մարդու միջամտության հետևանքով իրավիճակը բարդանում է: Վերլուծելով շրջակա միջավայրի փոփոխության արդյունքում կենդանիներից մարդուն անցած վիրուսների դեպքերը՝ հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ COVID-19-ի պես համաճարակների բռնկման հավանականությունը գալիք տասնամյակներում կարող է զգալիորեն աճել։ Ավելին, ըստ ՄԱԿ-ի զեկույցի, աշխարհում գոյություն ունեն ավելի քան մեկ միլիոն վիրուսներ, որոնք կենդանիներից կարող են փոխանցվել մարդկանց։

Նշենք նաև, որ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (US-CDC) գնահատմամբ՝ մարդկանց մոտ նոր վարակիչ հիվանդությունների 75% -ը փոխանցվում է կենդանիներից:

Հաշվի առնելով այն փաստը, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, ծագել է բնական ճանապարհով (այսինքն՝ հաղթահարել է միջտեսակային արգելքը), հետազոտողները լրջորեն մտահոգված են նմանատիպ այլ համաճարակների բռնկման հավանականությամբ: Այսօր գիտնականներն ավելի ու ավելի են կարևորում վիրուսների էվոլյուցիոն տեսությունը, ըստ որի, կենդանական վիրուսների տարածման աճի պայմաններում կենդանիներից մարդուն փոխանցվող վիրուսներն աստիճանաբար դառնում են մարդկության համար ավելի վտանգավոր։

Երբ 1970-ական թվականներին Էբոլան առաջին անգամ գրավեց համաշխարհային հանրության ուշադրությունը, թիրախային պոպուլյացիաներում իրականացվեցին թեստավորումներ՝ մարդկանց արյան մեջ հակամարմինների առկայության պարագայում արդեն վարակված մարդկանց հայտնաբերելու համար։ Սա պետք է օգներ որոշել՝ արդյո՞ք Էբոլայի նման հիվանդությունները աննկատ են տարածվում։

Պարզվում է՝ այո։ Էբոլայի դեմ հակամարմիններ են հայտնաբերվել Լիբերիայում 1982 թ փորձարկված մարդկանց ավելի քան 5% -ի մոտ՝ Արևմտյան Աֆրիկայի 2014 թ. համաճարակից տասնամյակներ առաջ: Այս արդյունքները հաստատում են վիրուսների էվոլյուցիայի տեսությունը։ Վիրուսին երկար Ժամանակ է պահանջվում, երբեմն՝ շատ երկար ժամանակ, որպեսզի կենդանիներից անցնի մարդկանց և փոխանցելի լինի մարդկանց միջև:

Կենդանիներից փոխանցված վիրուսները, որպես կանոն, շատ վտանգավոր են։ Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշից (SARS) մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է մոտ 10%, Նիպայի վիրուսի (Nipah Virus) դեպքում 40%-75%, Էբոլան` 88%, իսկ COVID-19՝ 1%-ից էլ ցածր, սակայն լայն տարածվածության պատճառով քանակային առումով այդ 1%–ի մահերը զգալիորեն գերազանցում են նախորդող համաճարակների ժամանակ գրանցված մահվան ցուցանիշներին։

Օգոստոսի վերջին ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի Proceedings (PNAS) ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ COVID-19-ի հետ համեմատելի վերջին համաճարակներն էին 1957-58 թվականների ասիական գրիպի և Հոնկոնգի գրիպի՝ 1968-69թթ. Համաճարակները, որոնց հետևանքով մահացավ մինչև 4 միլիոն մարդ։

Համաճարակի ինտենսիվության ցուցանիշը սահմանվում է՝ որպես մահվան դեպքերը հարաբերված աշխարհի բնակչության քանակին, համաճարակի տևողությանը և վարակիչ հիվանդությունների բռնկումների հաճախականությանը։

Հիմնվելով շրջակա միջավայրի փոփոխության հետ կապված կենդանական վիրուսներով հիվանդացության դեպքերի աճի վերջին ցուցանիշների վրա՝ աշխատանքի հեղինակները եզրակացրել են, որ համաճարակների առաջացման տարեկան հավանականությունը առաջիկա տասնամյակներում կարող է աճել երեք անգամ: Այսպիսով, ամենայն հավանականությամբ, COVID-19- ը մեր դարի վերջին համաճարակը չի լինի։