ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ջերմամիջուկային կառավարվող սինթեզի (ռեակցիայի) արդյունքում առաջացող էներգիան դառնում է իրականություն՝ շնորհիվ գերհաղորդիչ մագնիսի

Ջերմամիջուկային էներգետիկայի ոլորտում վերջին մի քանի ամիսների ընթացքում երկրորդ բեկումն է գրանցվել: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) և Commonwealth Fusion Systems ընկերության (ԱՄՆ) գիտնականների թիմը հաջողությամբ ցուցադրել է բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչ էլեկտրամագնիս, որի մագնիսական դաշտի հզորությունը 20 Tesla է։ Սա իր տեսակի մեջ ամենահզոր մագնիսական դաշտն է, որ գոյություն ունի Երկրի վրա։

Այս հաջող զարգացումը գիտնականներին մեկ քայլով ավելի է մոտեցնում աշխարհում առաջին ջերմամիջուկային կառավարվող սինթեզի էլեկտրակայան կառուցելու ծրագրերի իրականացմանը։ Նախնական տեղեկություններով, MIT-ը և CFS-ը նախատեսում են նմանատիպ առաջին էլեկտրակայանը՝ ARC-ը, կառուցել 2033 թվականին։

Նշենք, որ գերհաղորդիչ էլեկտրամագնիսների վրա հիմնված համակարգերը նորություն չեն։ Այժմ 35 երկիր ընդգրկված է միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի (ITER, International Thermonuclear Experimental Reactor) կառուցման ծրագրում։ Համաձայնությունը կնքվել է դեռևս 2006թ-ին՝ սկզբում 7 երկրների մասնակցությամբ, 2010թ-ին տեղադրվել է հիմքը և վերգետնյա հենակառուցվածքը: ITER-ին հատկացված ընդհանուր տարածքը շուրջ 42 հեկտար է։ ITER-ը համարվում է մարդու կողմից երբևէ ստեղծված բարդագույն կայաններից մեկը։ Դրա ռեակտորի ընդհանուր զանգվածը շուրջ 23,000 տոննա է։ Այն այժմ գտնվում է Ֆրանսիայի Սեն Պոլ լե Դյուրանս համայնքում։ ITER-ի շահագործման առաջին փուլը նախատեսվում է 2025թ. դեկտեմբերին, որից հետո այն կստանա պլազմա։ Սա կլինի արդյունաբերական մասշտաբի էներգիայի ստացման համար ջերմամիջուկային սինթեզի կիրառման հնարավորության ցուցադրման առաջին խոշորագույն փորձը, որը և գործնականում ցույց կտա ջերմամիջուկային ռեակտորների աշխատունակությունը։