ՏԻԵԶԵՐՔ

Point Nemo. «Տիեզերական գերեզմանոց», որտեղ թաղված են շահագործումից դուրս եկած հազարավոր արբանյակներ

Point Nemo կոչվող «Տիեզերական գերեզմանոցը» գտնվում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնում՝ ցամաքից մոտ 2700 կմ հեռավորության և 4 կմ խորության վրա։ Շահագործումից դուրս եկած արբանյակները, հրթիռների դետալները և նույնիսկ տիեզերակայանները ուղարկվում են օվկիանոսի այս ամայի վայրը՝ ծովի հատակում «հավիտյան հանգստանալու համար»։ «Տիեզերական գերեզմանոցն» կոչվում է ֆրանսիացի հայտնի գրող Ժյուլ Վեռնի «20,000 լյո ջրի տակ» և «Խորհրդավոր կղզին» վեպերի հերող նավապետ Նեմոյի անունով։ 1971 թվականից ի վեր այստեղ թաղվել են հազարավոր տիեզերական սարքավորումներ։ Տարածքը նավարկության համար փակ է։

Երբ արբանյակներն ու տիեզերանավերը մոտենում են իրենց կյանքի ավարտին, դառնում են տիեզերական վտանգավոր բեկորներ, որոնք Երկրի ուղեծրում շարժվում  են մինչև 17,500 կմ/ժ արագությամբ, իսկ այդ արագության պայմաններում նույնիսկ ամենափոքր դետալը կարող լուրջ վնասներ հասցնել։

Երկրի ուղեծրում տիեզերական սարքովորումների տասնյակ հազարավոր բեկորներ կան, որոնք նույնիսկ փոքր բախումը կարող է հսկայական շղթայական ռեակցիա առաջացնել (այս երևույթը կոչվում է «Քեսսլերի էֆեկտ») և արդյունքում Երկրի ուղեծիրը անօգտագործելի դարձնել։ Ուստի տիեզերական սարքավորումների հնարավորինս անվտանգ հեռացումը դրանք շահագործող պետությունների և մասնավոր ընկերությունների պարտքն է։

Ցածր ուղեծրում գտնվող փոքր արբանյակներից ազատվելը հեշտ է․ օդի շփումից առաջացած ջերմությունն այրում է արբանյակը, երբ այն մոտենում է Երկրին: Սակայն ավելի մեծ օբյեկտները, ինչպիսիք են տիեզերական կայանները կամ ցածր ուղեծրում գտնվող մեծ տիեզերանավերը, կարող են ամբողջությամբ չայրվել։ Հետևաբար, տիեզերանավերի ու արբանյակների վերջնական հանգրվանի ուղղությունը նախապես ծրագրավորվում է՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար։

Point Nemo «տիեզերական գերեզմանոցում» երբևէ թաղված ամենամեծ օբյեկտներից մեկը ռուսական «Միր» տիեզերակայանն է։ 2001 թվականի մարտի 23-ին, երբ ավարտվեց այս տիեզերակայանի շահագործման ժամկետը, այն հանվեց ուղեծրից և ուղարկվեց Երկիր։ Կայանի մեծ մասն այրվեց մթնոլորտում, իսկ մյուս մասը՝ շուրջ 25 տոննա, թաղվեց Point Nemo-ում։

Հետաքրքիր է նաև այն, որ Միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացները այս կետին ավելի մոտ են գտնվում քան ցամաքի վրա գտնվող մարդիկ (ՄՏԿ-ի ուղեծրի բարձրությունը 408 կմ է)։ Նշենք նաև, որ բարձր ուղեծրերով պտտվող արբանյակներն ու տիեզերանավերը, որոնք չափազանց մեծ են մթնոլորտում ամբողջությամբ այրվելու համար, ինչպես նաև՝ ուղեծրից հանելու հետո կարող են ընկնել «չնախատեսված» հետագծի վրա, ուղարկվում են Երկրից հնարավորիս հեռու՝ դեպի տիեզերքի անսահմանությունը։