Uncategorized ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆինլանդացի գիտնականները մշակել են սուրճի արտադրության այլընտրանքային մեթոդ

Աշխարհում տարեկան սպառվում է ավելի քան 10 միլիոն տոննա սուրճ, և ժամանակի հետ դրա պահանջարկը միայն աճում է: Այնուամենայնիվ, այս բույսը բավականին քմահաճ է և կլիմայի փոփոխության հատևանքով դրա մշակման համար պիտանի հողերի քանակը փոքրանում է։ Օրինակ, Վիետնամում սուրճի արտադրության տեմպը պահելու համար մեծ չափերի են հասնում ծառահատումները։

Ֆինլանդիայի VTT տեխնիկական հետազոտությունների կենտրոնի գիտնականները մշակել են սուրճի արտադրության այլընտրանքային մեթոդ, որը գյուղատնտեսական նշանակության հողերի կարիք չունի․ նրանք փորձեր են կատարում կենսառեակտորների մեջ բույսի բջիջներից սուրճ աճեցնելու ուղղությամբ։

Տեխնոլոգիայի էությունն այն է, որ խնդիրը դառնում է ոչ թե ամբողջական բույսի աճեցումը, այլ դրա առանձին հատվածի՝ օգտակար կենսազանգվածի ստեղծման համար։ Նման տեխնոլոգիան կարող է կիրառվել աշխարհի ցանկացած վայրում՝ առանց արևի լույսի, ջրի մշտական առկայության ու եղանակից կախվածության: Գյուղատնտեսական տեխնիկա, պարարտանյութ և թունաքիմիկատներ ևս պետք չեն։ Այս տեխնոլոգիան սուրճի ստեղծման գործընթացքում թափոնների չի արտադրում։ Այլընտրանքային սուրճի արտադրության համար հազարավոր գյուղատնտեսների աշխատուժի կարիք այլևս չի լինի (թեև սա կարող է ազդել մարդկանց զբաղվածության և սոցիալական վիճակի վրա)։ Ինչպես նշում են հեղինակները, ամենակարևորն այն է, որ ցանքատարածությունների համար անտառներ հատելու, վայրի բնությունը ոչնչացնելու կարիք այլևս չի լինի։

Գիտնականները նախ սուրճի բույսերի բջիջները մշակել են լաբորատորիայում, այնուհետև դրանք տեղադրվել սննդարար միջավայրով հագեցած կենսառեակտորների մեջ` աճելու համար։ Արդյունքում ստացվում է սպիտակավուն կենսազանգված, որը չորացնում են փոշու մեջ և տապակում։ Ստացվում է մուգ շականակագույն նյութ, որը նման է սուրճի նստվածքի։

Ըստ գիտնականների, լաբորատոր պայմաններում աճեցված սուրճի համն ու հոտը չի տարբերվում սովորական սուրճից։ Ընդ որում, ինչպես հավելել են նրանք, այս տեխնոլոգիան հնարավորություն կտա ստեղծելու սուրճի նոր տեսակներ։

Այս սուրճի արդյունաբերական մասշտաբի արտադրությունը մեծ ներդրումներ կպահանջի, ուստի հեղինակները դեռևս չեն շտապում հստակ ժամկետներ նշել, թե երբ այն կհայտնվի վաճառքում։ Բայց մի բան հստակ է, սուրճի աճող պահանջարկն ու դրա մշակման հետ կապված դժվարությունները միայն ու միայն խթանում են արհեստական սուրճի և, ընդհանուր առմամբ, բջջային գյուղատնտեսության (cellular agriculture) տեխնոլոգիաների զարգացումը։

Նշենք նաև, որ արհեստական սուրճի արտադրության գործընթացը հիմնված է գոյություն ունեցող և հաստատված տեխնոլոգիայի վրա, ինչպիսին է սովորական կենսառեակտորների աշխատանքը: Այն գաղափարը, որ սուրճի բջիջները կարող են օգտագործվել սուրճ պատրաստելու համար ներկայացվել է դեռևս 1970-ականներին (այս մասին առավել մանրամասն՝ P.M. Townsley, Production Coffee from Plant Cell Suspension Cultures, 1974)։