ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Մալարիայի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը հաստատվել է ԱՀԿ-ի կողմից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն է տվել մալարիայի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի՝ RTS,S-ի լայն կիրառմանը և խորհուրդ է տվել այն օգտագործել ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնել է կազմակերպության տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։ Նա ողջունել է «պատմական օրը» և հույս հայտնել, որ պատվաստանյութի շնորհիվ հնարավոր կլինի փրկել հազարավոր կյանքեր։

RTS,S պատվաստանյութը, որը նաև հայտնի է որպես Mosquirix, մշակվել է բրիտանական GlaxoSmithKline (GSK) դեղագործական ընկերության կողմից։ 2019 թվականից սկսած Գանայի, Քենիայի և Մալավիի ավելի քան 800,000 երեխա պատվաստվել է RTS,S-ով։

Երկար կլինիկական փորձարկումներ անցած այս պատվաստանյութի արդյունավետությունը սահմանափակ է, չորս տարվա փորձարկումները ցույց են տվել, որ այն կարող է կանխել մալարիայի դեպքերի 39%-ը, իսկ փոքր երեխաների մոտ մալարիայի ծանր դեպքերի միայն 29%-ը։ Իսկ այն դեպքում, երբ փոքր երեխաներին և՛ պատվաստել են և՛ տվել մալարիայի դեմ դեղամիջոցներ՝ հոսպիտալացման կամ մահվան դեպքերը նվազել են մոտ 70%-ով։ Ըստ այդմ, այս պատվաստանյութը կլրացնի մալարիայի կանխարգելման համար գոյություն ունեցող միջոցների շարքը։

«Ի լրումն մալարիան կանխելու համար առկա միջոցների, այս պատվաստանյութի օգտագործումը յուրաքանչյուր տարի կարող է տասնյակ հազարավոր երիտասարդների կյանք փրկել։ Պատվաստանյութն անվտանգ է, զգալիորեն նվազեցնում է կյանքին սպառնացող, ծանր մալարիան, և մենք գնահատում ենք, որ այն ծախսարդյունավետ է»,- ասել է ԱՀԿ տնօրենը։ Նա հավելել է, որ ավելի քան 30 տարի մշակվող այս պատվաստանյութը կփոխի հանրային առողջության պատմության ընթացքը։

Նշենք, որ վերջին տարիներին մալարիայի տարածման տեմպերը որոշ երկրներում (հատկապես Էրիթեայում և Սուդանում) աճել են։ 2019 թվականին այս վարակիչ հիվանդությունը խլել է 409,000 մարդու կյանք, մեծ մասը՝ Աֆրիկայում: Մահացածներից ավելի քան 270,000-ը հինգ տարեկանից փոքր երեխաներ են եղել:

Այժմ փորձագետները հույս են հայտնում, որ ԱՀԿ-ի հայտարարությունը կխթանի այլ պատվաստանյութեր գտնելու ջանքերը, որն ընթանում է գրեթե մեկ դար։