ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու ուղեղում նոր բջիջներ կարող են առաջանալ նույնիսկ ծերության շրջանում

 «Մարդու ուղեղում նոր նեյրոններ առաջացնում են այնքան ժամանակ, քանի դեռ նա նոր բաներ սովորելու կարիք ունի»

Երկար ժամանակ գիտնականները տարաձայնություններ ունեին այն հարցի շուրջ, թե արդյո՞ք նոր նեյրոնների առաջացման գործընթացը (նեյրոգենեզ) շարունակվում է նաև հասուն տարիքում։

Հայտնի է, որ հիպոկամպում (ուղեղի մաս, որը կարևոր դեր է խաղում կարճատև հիշողությունը երկարատևի վերածելու գործընթացում, ինչպես նաև զարգացնում է տարածական հիշողությունն ու ակտիվացնում տարածական կողմնորոշումը) նոր նեյրոնների առաջացումը նպաստում է հիշողության բարելավմանը: Նոր նեյրոնները բերում են նյարդային նոր կապերի առաջացմանը, իսկ որքան շատ կապ, այդքան ավելի լավ հիշողություն: 2018 թվականին Nature ամսագրում հրապարակվեց վիճահարույց հետազոտություն, որի համաձայն, մարդկանց հիպոկամպում նոր նեյրոնների առաջացումը դադարում է դեռևս պատանեկության շրջանում։

Nature Medicine գիտական ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը պարզվել է ճիշտ հակառակը․ նեյրոգենեզը կարող է շարունակվել գրեթե ողջ կյանքի ընթացքում և մարդիկ այդ ընթացքում ունակ են առաջացնելու նոր նեյրոններ։ Հետազոտության համահեղինակ Մարիա Լյորենս-Մարտինը կարծում է, որ մարդը նոր «նեյրոններ է առաջացնում այնքան ժամանակ, քանի դեռ նոր բաներ սովորելու կարիք ունի»։

43-ից 97 տարեկան վերջերս մահացած 58 մարդու գլխուղեղի վերլուծությունը ցույց է տվել, որ ժամանակի ընթացքում նեյրոգենեզը նվազում է։ Դա առավել ակնհայտ էր այն մարդկանց շրջանում, որոնց մոտ Ալցհայմերի հիվանդությունը ախտորոշվել էր մինչև մահը (45 մարդու մոտ՝ 52 -ից 97 տարեկան)։ Նրանց մոտ, ովքեր մահվան պահին նյարդաբանական առումով առողջ էին, նեյրոգենեզը նվազել է ավելի ցածր մակարդակով (45 մարդու մոտ՝ 43-ից 87 տարեկան): «Ալցհայմերը արմատապես արագացնում է նյարդային բջիջների կորստի արագությունը, և այս հետազոտությունը տալիս է համոզիչ ապացույցներ, որ այն նաև սահմանափակում է նոր նյարդային բջիջների ստեղծումը»,- նշում են հեղինակները։

Այդ մարդկանց գլխուղեղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանցից ամենաերիտասարդը՝ նյարդաբանական առումով առողջ 43-ամյա մի տղամարդ, հյուսվածքի մեկ քառակուսի միլիմետրի վրա ունեցել է մոտ 42,000 «ոչ հասուն» նեյրոն։ Համեմատության համար, ամենատարեց մարդու մոտ հյուսվածքի մեկ քառակուսի միլիմետրի վրա եղել է 30 տոկոսով ավելի քիչ «նորածին նեյրոն»։ Ընդ որում, Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ «ոչ հասուն» նեյրոնները 30 տոկոսով ավելի քիչ են եղել, քան նույն տարիքի առողջ մարդկանց մոտ:

Պիտսբուրգի համալսարանի (Փենսիլվանիա, ԱՄՆ) նյարդաբան Շոն Սորելսը, ով համահեղինակել է 2018 թվականին Nature ամսագրում հոդվածը, նշել է, որ նա և իր գործընկերները «չեն գտել նոր նեյրոնների շարունակական առաջացման ապացույցներ»։ Ըստ նրա, հնարավոր է, որ իսպանացի գիտնականների նկատած «անհաս» նեյրոններն իրականում առկա են եղել մանկուց։

Սա նշանակում է, որ այս հարցի շուրջ բանավեճերը դեռևս կշարունակվեն։ Այնուամենայնիվ իսպանացի հետազոտողները կարծում են, որ իրենց այս  և հետագա ուսումնասիրությունները կօգնեն միջոցներ գտնել վաղ փուլերում Ալցհայմերի հիվանդության ախտորոշման համար և եղանակներ գտնեն դրա կանխարգելման (հետաձգման) և նոր նեյրոնների առաջացման գործընթացի վերականգնման համար։