ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենսաբանները բացահայտել են մանգլենիների բացառիկ անտառի ծագման «առեղծվածը»

Կենսաբանները բացահայտել են Մեքսիկայի Յուկատան թերակղզու կենտրոնում գտնվող մանգլենիների բացառիկ անտառի ծագման «առեղծվածը»։ Սովորաբար, այս տեսակի ծառերը, որոնք կոչվում են կարմիր մանգլենիներ (Red mangroves կամ Rhizophora mangle) աճում են միայն աղի ջրերում՝ արևադարձային գոտիների ափամերձ տարածքներում: Կարմիր մանգլենիների այս անտառը օվկիանոսից հեռու է ավելի քան 200 կմ և ունի ամբողջությամբ մեկուսացված առանձին էկոհամակարգ։ Թե ինչպես է այդպիսի տարածքում ձևավորվել նման անտառ, երկար ժամանակ ուսումնասիրողներին շփոթության է մատնել։

Վերջերս հետազոտողների բազմամասնագիտական միջազգային թիմի ընդգրկուն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ այս յուրօրինակ էկոհամակարգը ձևավորվել է մոտ 125,000 տարի առաջ, երբ ծովի մակարդակը շատ ավելի բարձր էր, և օվկիանոսը ծածկում էր թերակղզու մեծ մասը:

Պարզելու համար, թե ինչպես է ջրային և ափամերձ տեղանքներին բնորոշ էկոհամակարգը առաջացել ծովափից այդքան հեռավորության վրա, գիտնականները վերլուծել են կարմիր մանգլենիների ԴՆԹ-ն՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք տարբերվում մանգլենիների այլ պոպուլյացիաներից:

Մանգլենիների յուրաքանչյուր հաջորդ սերնդի գենոմում կուտակվում են մուտացիաներ՝ գենետիկական կոդի 300 միլիոն նուկլեոտիդներից մեկի փոփոխման հաճախականությամբ։ Հաշվելով երկու գենոմների միջև եղած տարբերությունների թիվը՝ կարելի է որոշել, թե որ ժամանակահատվածում այդ պոպուլյացիաներն առանձնացան իրարից։ Այս հաշվարկների արդյունքում պարզ դարձավ, որ Յուկատան թերակղզու մանգլենիներն իրենց ծավափնյա «բարեկամներից» մեկուսացել են մոտ 125,000 տարի առաջ։

Այսպիսով, մանգլենիները, ամենայն հավանականությամբ, արմատավորվել էին այդ տարածքում այն ժամանակ, երբ օվկիանոսի մակարդակը շատ ավելի բարձր էր։ Այնուհետև օվկիանոսի մակարդակի նվազմանը զուգընթաց մանգլենիները հայտնվեցին «ծուղակի» մեջ և կարողացան գոյատևել մինչև այսօր՝ հարմարվելով Սան Պեդրո գետի քաղցրահամ պայմաններին:

Գիտնականների հայտարարության համաձայն՝ այս էկոհամակարգում հնագույն ժամանակներից ի վեր պահպանվել են ոչ միայն մանգլենիները, այլև մոտ 100 տեսակի այլ օրգանիզմներ՝  ներառյալ ձկներ, կրիաներ և բույսեր:

Գիտնականները հույս ունեն, որ այս ուսումնասիրության արդյունքները կօգնեն կանխատեսել, թե ինչպես կարող է ապագայում տարածաշրջանի վրա ազդել կլիմայի հետևանքով ծովի մակարդակի բարձրացումը։

Գիտական հոդվածը՝ այստեղ։