ԲՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայում գործարկվել է սովորական ջրից ավիացիոն վառելիք արտադրող էկոգործարան

Գերմանիան գարծարկել է ջրի, ածխածնի երկօքսիդի և էլեկտրաէներգիայի օգտագործմամբ ավիացիոն նոր տեսակի վառելիք՝ սինթետիկ կերոսին արտադրող էկոգործարան։ Գործարանը ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված կառավարության ծրագրի մի մասն է։
Ավիացիային բաժին է ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 2,5% -ը: Մինչդեռ ինքնաթիռների էլեկտրաֆիկացումն իրենից բարդ խնդիր է ներկայացնում, տվյալ գործարանի բացումը ևս մեկ քայլ է ուղված ավիացիոն արդյունաբերությունն ավելի կանաչ դարձնելուն։ Ածխի, նավթի ու բնական գազի այրման դարաշրջանն աստիճանաբար ավարտվում է: Փորձագետները նշում են, որ սինթետիկ վառելիքը կարող է փոխարինել հանածո վառելիքներին` առանց պահանջելու ինքնաթիռներում տեխնիկական լուրջ փոփոխություններ իրականացնել:
Գործարանն, օգտագործելով իր մոտակայքում գտնվող չորս հողմակայանների արտադրած էլեկտրաէներգիան, ջրից ստանում է ջրածին, որն այնուհետև ռեակցիայի մեջ է մտնում մթնոլորտային ածխածնի երկօքսիդի հետ։ Արդյունքում առաջանում է նավթահումք, որից և մշակվում է սինթետիկ կերոսինը: Այս սինթետիկ կերոսինի այրումից մթնոլորտ արտանետվող ածխածնի երկօքսիդի քանակությունը հավասար է դրա արտադրության համար կլանված ածխածնի երկօքսիդին, ինչն այս վառելիքը դարձնում է «ածխածնային չեզոք»։
Սակայն վառելիքի քանակը, որը գործարանը կարող է արտադրել հաջորդ տարվա սկզբից, փոքր է՝ օրական ընդամենը ութ բարել (մոտ 1272 լիտր): Դա բավական կլինի երեք շաբաթը մեկ 1 փոքր ուղևորատար ինքնաթիռ լիցքավորելու համար:
Համեմատության համար, ըստ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA), ամբողջ աշխարհում կոմերցիոն ավիաընկերությունների կողմից վառելիքի ընդհանուր սպառումը 2019-ին հասել է 2,3 միլիարդ բարելի (360 միլիարդ լիտր)։
Նախագծի պատասխանատուները նշում են, որ իրենց նպատակն է ցույց տալ, որ էկոլոգիապես մաքուր վառելիքի ստացման գործընթացը տեխնոլոգիապես իրագործելի է և ունի միայն բավարար ֆինանսական աջակցություն ստանալու խնդիր։
Մանրամասները՝ սկբնաղբյուրում։