ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոդիֆիկացված բակտերիաները կարող են օգտագործվել որպես դեղամիջոց բիոթաղանթի պաթոգեն միկրոօրգանիզմների դեմ

Վերջին հարյուր տարվա ընթացքում բժշկությունը մեծ առաջընթաց է գրանցել  տարբեր հիվանդությունների բուժման ոլորտում: Շրջադարձային նշանակություն հատկապես ունեցան հակաբիոտիկների ստեղծումն ու հետագայում դրանց զանգվածային արտադրությունն ու կիրառումը։ Այդ ժամանակից ի վեր նախկինում անբուժելի համարվող բազմաթիվ հիվանդություններ դադարեցին սպառնալիք ներկայացնել մարդու կյանքի և առողջության համար: Եվ այդուհանդերձ, հակաբիոտիկները ևս զերծ չեն թերություններից։

Ժամանակի ընթացքում պաթոգեն միկրոօրգանիզմները դրանց նկատմամբ կայունություն են ձեռք բերում, ինչի արդյունքում դեղամիջոցները դառնում են պակաս արդյունավետ։ Կան նաև այնպիսի բակտերիաներ, որոնք գրեթե անխոցելի են ժամանակակից բոլոր հակաբիոտիկների համար։ Սա է պատճառը, որ հատկապես վերջին շրջանում գիտնականների առաջնային խնդիրներից է գտնել բակտերիալ հիվանդությունների բուժման նոր տարբերակներ՝ փորձելով ստեղծել նոր հակաբիոտիկներ և դեղամիջոցներ` մոդիֆիկացնելով բակտերիալ միկրոօրգանիզմները ևն։

Վերջերս այդ հարցում զգալի արդյունքների են հասել Բարսելոնայի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի (Իսպանիա) գիտնականները։ Նրանք ստեղծել են մոդիֆիկացված բակտերիաների վրա հիմնված դեղամիջոց, որը կարող է պայքարել այն պաթոգենների դեմ, որոնք հնարավոր չէ բուժել հակաբիոտիկներով։

Այսպես օրինակ, կաթետերների, սրտի ռիթմավարների, հոդերի կամ այլի պրոթեզների վրա ժամանակի ընթացքում կարող է առաջանալ բիոթաղանթ (biofilm)՝ բազմաթիվ մանրէների գաղութներ, որոնք միացված են իրար ընդհանուր լորձանման արտաբջջային մատրիքսի օգնությամբ։ Ընդ որում, բիոթաղանթում առկա պաթոգեն միկրոօրգանիզմները հազարապատիկ անգամ ավելի դիմացկուն են հակաբիոտիկների նկատմամբ, քան առանձին-առանձին վերցված։

Բիոթաղանթը հանդիսանում է հիվանդանոցներում փոխանցվող ինֆեկցիոն հիվանդությունների մինչև 80%-ի պատճառը։ Բիոթաղանթի ամենատարածված բակտերիաներից մեկը ոսկեգույն ստաֆիլակոկն է, որի բուժման համար դեռևս արդյունավետ միջոցներ չկան, քանի որ լայն սպեկտրի դեղամիջոցները տվյալ պարագայում կարող են զգալիորեն վնասել առողջ հյուսվածքները։ Արդյունքում վերը նշված ինֆեկցիոն հիվանդության հայտնաբերման դեպքում անհրաժեշտություն է առաջանում վիրահատական ճանապարհով հեռացնել բիոթաղանթով պատված իմպլանտն ու ախտահարված հյուսվածքները։

Գիտնականների նոր մշակված դեղամիջոցը հիմնված է հետևյալ մեթոդի վրա․ մոդիֆիկացված բակտերիաների միջոցով անմիջապես բիոթաղանթի միկրոօրգանիզմներին է հասցվում անհրաժեշտ ֆերմենտը, որը կետային մակարդակով պայքարում է դրանց դեմ։

Մոդիֆիկացման համար ընտրվել էր Mycoplasma pneumoniae բակտերիան, որի հիմնական առանձնահատկություններից է բջջաթաղանթի բացակայությունը, ինչը հեշտացնում է անհրաժեշտ ֆերմենտների դուրս հանումը բջջից, ինչպես նաև «անտեսանելի» է դարձնում վերջինիս իմունային համակարգի համար։ Մոդիֆիկացման ընթացքում գիտնակնները սահմանափակել են բակտերիայի վերարտադրողականությունը, ինչը նվազեցրել է նաև դրա մուտացիաների հավանականությունը։ Այնուհետև ծրագրավորել են բակտերիային այնպես, որ այն արտադրի երկու տարբեր տեսակի ֆերմենտներ՝ մեկն ուղղված բիոթաղանթի տարրալուծմանը, իսկ մյուսը՝ պաթոգեն միկրոօրգանիզմների ոչնչացմանը։

Մկների վրա անցկացված փորձերի արդյունքում նոր դեղամիջոցի արդյունավետությունը կազմել է 82%։ Մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձերը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին, եթե արդյունավետությունը նույնքան բարձր եղավ, ապա իրավամբ կարող ենք ասել, որ բժշկության մեջ ևս մեկ շրջադարձային փուլ հաղթահարեցինք։

Հետազոտույունը հրապարակվել է Molecular Systems Biology ամսագրում։