ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները հայտնաբերել են ճարպակալում առաջացնող 14 գեն

Ճարպակալման դեպքում օրանիզմում կուտակվում է ավելցուկ ճարպ, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա։ Դրա առաջացման հիմնական պատճառներն են ֆիզիկական ակտիվության պակասը, չափից շատ ուտելը, հատկապես անառողջ սնունդ՝ բարձր կալորիականությամբ սննդամթերքներ, պարզ ածխաջրեր (գլյուկոզա, ֆրուկտոզա), երբեմն էլ ճարպակալման հիմքում ընկած են առողջական խնդիրները՝ հիմնականում կապված հորմոնալ համակարգի հետ: Այնուամենայնիվ, բացի այս գործոններից, կան նաև այլ՝ գենետիկական գործոններ: Գիտնականները վաղուց գիտեն հարյուրավոր գեներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ազդում են ճարպակալման վրա: Այնուամենայնիվ, մինչև բոլորովին վերջերս հաստատված ապացույցներ չկային, որ որոշակի գեն/եր ճարպակալում են առաջացնում: Բայց, իրավիճակը փոխվեց Վիրջինիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների շնորհիվ, որոնց հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել ճարպակալման գենետիկական գործոնների ուսումնասիրության մեջ: Նրանք հայտնաբերել են 14 գեն, որոնք գիրության հետ կապված խնդիրներ են առաջացնում, ինչպես նաև դրանք կանխող երեք գեն:
Քաշի ավելացման կամ նվազման վրա անմիջական ազդեցություն ունեցող գեները գտնելու համար հետազոտական ​​խումբը սկսեց ուսումնասիրել Caenorhabditis elegans կլոր որդերի գեները: Դրանք ընտրվել են որպես ուսումնասիրության օբյեկտ մի քանի պատճառներով: Նախ և առաջ այս որդերի գենոմն ամբողջությամբ սեկվենավորված է և դրանք լայնորոն օգտագործվում են որպես մոդելային օրգանիզմ տարատեսակ ուսումնասիրություններում։ Բացի այդ այս որդերի գեների ավելի քան 70 տոկոսը հանդիպում է մարդկանց մոտ, ինչպես նաև նշված որդերը նույնպես տառապում են ճարպակալումից, եթե ճիշտ չեն սնվում (օրինակ՝ եթե նրանց մեծ քանակությամբ շաքար են տալիս):
Հետազոտության ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են որդերի մոտ 300 գեն: Այդ ընթացքում, նրանք որդերի մի մասին ինտենսիվորեն կերակրում էին, իսկ մյուս մասին պահում էին խստացված սննդակարգով: Արդյունքում, հետազոտողները կարողացան առանձնացնել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող գեները։ Բացի այդ, ուսումնասիրելով որդերի գեները, գիտնականները նկատել են մի շատ հետաքրքիր կողմնակի ազդեցություն․ պարզվեց՝ երեք գեների արգելափակման արդյունքում որդերի կյանքի տևողությունն ավելացել էր, իսկ նյարդաշարժողական գործառույթը՝ բարելավվել: Գիտնականները ենթադրում են, որ ապագայում ճարպակալման դեմ ստեղծված դեղամիջոցը, մարդկանց մոտ այս գեները արգելափակելով, կունենա նույն հատկությունները:
Իհարկե, դեռ վաղ է ասել, որ ճարպակալման խնդիրը լուծված է: Սակայն արդյունքներն արդեն իսկ հուսադրող են, քանի որ փորձարկումներ են կատարվել նաև լաբորատոր մկների վրա, և արդյունքում, երբ կրծողների մոտ արգելափակում էին գեներից մեկը, դրանք դադարում էին ավելորդ քաշ հավաքել:
Այժմ գիտնականները նախատեսում են հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ աշխատանքներն ու անցնել մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումներին:
Այս ամենը հուշում է, որ մոտ ապագայում, ըստ երևույթին, ճարպակալման խնդիրն իսկապես դեղորայքային բուժում կստանա: Սա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ում ֆիզիկական ակտիվությունը հակացուցված է այս կամ այն ​​պատճառով:
Հետազոտությունը հրապարակվել է PLOS Genetics ամսագրում: