ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սպառողական արտադրանքներում լայնորեն կիրառվող քիմիական նյութերի պատճառով տարեկան հազարավոր մարդիկ են մահանում

Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի անվան բժշկական դպրոցի գիտնականները ծավալուն հետազոտություն են անցկացրել՝ գնահատելու համար ֆտալատների ազդեցությունը հանրային առողջության վրա։ Ֆտալատները քիմիական նյութերի խումբ են, որոնք հանդիպում են սպառողական հազարավոր արտադրանքներում, անձնական խնամքի միջոցներից (օճառներ, շամպուններ և այլն) մինչև ամենատարբեր պլաստիկե առարկաներ։ Սրանք օգտագործվում են պլաստմասսան ավելի դիմացկուն դարձնելու համար: Հայտնի է, որ Ֆտալատները մեծապես ազդում են հորմոնային և ներզատական (էնդոկրին) համակարգերիի վրա։ Դրանք կարող են ներթափանցել օրգանիզմ և նպաստել օրգանիզմի ճարպակալմանը, առաջացնել շաքարախտ կամ սրտային հիվանդություններ։
Ըստ նոր հետազոտության արդյունքների, այս քիմիական նյութերի ազդեցությունը միայն ԱՄՆ-ում պատճառ է դառնում տարեկան մինչև 100,000 վաղաժամ մահվան։
Հետազոտությանը մասնակցել են 55-ից 64 տարեկան մոտ 5000 մարդ։ Պարզվել է, որ մեզի մեջ ֆտալատների բարձր կոնցենտրացիան կտրուկ մեծացնում է սրտային հիվանդություններից մահվան հավանականությունը։
Երկար ժամանակ է, ինչ հայտնի էր, որ ֆտալատները կապված են սրտային հիվանդությունների առաջացման հետ, իսկ սրտային հիվանդությունններն իրենց հերթին հանդիսանում են մահվան ամենատարածված պատճառներից մեկը, սակայն միևնույն է բուն ֆտալատները մահվան դեպքերի հետ կապելու համար դեռևս անհրաժեշտ է բացահայտել, թե ինչպիսի բարդ կենսաբանակն մեխանիզմների միջոցով է ձևավորվում այդ պատճառահետևանքային կապը։


Ամեն դեպքում հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ֆտալատների վնասակար ազդեցությունը թերագնահատվում էր՝ թե մարդկանց առողջության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից, թե՝ պետությանը հասցված տնտեսական վնասի։ Ըստ ստացված արդյունքների ֆտալատների պատճառով նյութական կորուստը կազմում է 40-47 միլիարդ դոլար՝ 4 անգամ ավելի շատ, քան ենթադրվում էր նախկինում։
Հետազոտությունը հրապարակվել է Environmental Pollution ամսագրում։