ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Upside Foods ընկերության գործարանը տարեկան արտադրում է 20,000 կգ լաբորատոր պայմաններում աճեցված միս

«Սա գիտական ֆանտաստիկա չէ։ Սա այսօրվա իրականությունն է»

Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ) կառուցված նոր գործարանը կարող է արտադրել լաբորատոր պայմաններում աճեցված միս՝ տարեկան 165 000կգ։ Առայժմ գործարանը սահմանափակվում է դեռևս տարեկան 20,000 կգ մսի արտադրությամբ: Գործարանը կառուցվել է Upside Foods ընկերության (ինժեներական, արտադրական և ինովացիոն կենտրոն) կողմից և զբաղեցնում է մոտ 4600 քառակուսի մետր տարածք։

Լաբորատոր պայմաններում աճեցված մսի արտադրությունը սննդի արդյունաբերության մեջ ամբողջովին նոր ուղղություն է, որի պահանջարկն օրեցօր աճում է և ամբողջ աշխարհում բացվում են նոր գործարաններ։ Ընդ որում, այս գործարանների օգուտները շոշափելի են. անասնաբուծության ծավալների նվազեցումը զգալի ազդեցություն կարող է ունենալ ջերմոցային գազերի արտանետումների վրա՝ միաժամանակ չազդելով մարդկանց սննդակարգի վրա։ Ըստ մասնագետների, արհեստական միսը թե՛ համային և թե՛ վիզուալ առումով գրեթե ոչնչով չի տարբերվում բնական մսից։

Չնայած տպավորիչ արդյունքին, ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունն ու Գյուղատնտեսության դեպարտամենտը դեռ թույլտվություն չեն տվել երկրում ազատ վաճառք իրականացնելու համար։

Այժմ ընկերությունը սպասում է, որ լիազոր մարմինների թույլտվությանը և միևնույն ժամանակ բանակցություններ վարում ռեստորանների հետ՝ թույլտվությունը ստանալուց անմիջապես հետո իր արտադրանքը մատակարարելու համար։ Այնուհետև, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, լաբորատոր պայմաններում աճեցված միսը կվաճառվի նաև մթերային խանութներում: Ըստ Upside Foods-ի ներկայացուցչի, այս միսը կարող է արժենալ նույնքան, որքան հավի բարձրորակ միսը:

Իսկ թե սպառողներն ինպե՞ս կընդունեն մսի այլընտրանքային տարբերակը և արդյո՞ք այն կկարողանա ամբողջությամբ փոխարինել բնական մսին՝ ժամանակը ցույց կտա։

Այս թեմայով կարդացեք նաև՝

Իսրայելում բացվել է արհեստական մսի արտադրության աշխարհում առաջին գործարանը

Impossible Foods-ի արհեստական միսն այսուհետ կօգտագործվի ԱՄՆ դպրոցներում

Ապագայի սնունդը ստեղծված կլինի այլընտրանքային սպիտակուցներից