ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Թաիլանդում գործարկվել է աշխարհի ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը

Թաիլանդում ավարտվել է ամբողջությամբ ջրի մակերեսին գտնվող արևային էլեկտրակայանի շինարարությունը։ Ենթադրվում է, որ, աշխատելով արդեն գոյություն ունեցող հիդրոէլեկտրակայանի հետ համատեղ, այս կառույցը կկարողանա մարդկանց էլեկտրաէներգիա ապահովել՝ առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու: Այսինքն, ածխաթթու գազի արտանետումները տարեկան կնվազեն 47000 տոննայով։ Սա լավ ցուցանիշ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ էլեկտրակայանը կառուցելու համար նույնիսկ մի փոքրիկ հողատարածք չի զբաղեցվել։

Շինարարները 144 հազար արևային վահանակները տեղադրել են 120 հեկտար ջրի վրա՝ Թայլանդի Սիրինդհորն ամբարտակում: Այս ամբարտակը փակում է Լամ Դոմ Նոյ գետը և համարվում է Ուբոն Ռատչաթանի նահանգի ամենամեծ ջրամբարը։

Ըստ Թաիլանդի էլեկտրաէներգիա արտադրող մամնի (EGAT) ներկայացուցիչների՝ արևային էլեկտրակայանը աշխատելու է ամբարտակի վրա տեղադրված հիդրոէլեկտրակայանի հետ համատեղ, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիայի անխափան արտադրությունը:

Ինչպես նշում է EGAT-ի ղեկավար Բունյանիտ Վոնգրուկմիտը (Boonyanit Wongrukmit), ջրային էլեկտրակայանի կառուցման ժամանակ իրենք մեծ ուշադրություն են դարձրել շրջակա միջավայրի պահպանմանը։ Բավականին հաճախ, երբ մարդիկ վերականգնվող էներգիայի միջոցով փորձում են օդն արտանետումներից մաքրել, հաշվի չեն առնում շրջակա միջավայրի վրա թողած կողմնակի ազդեցությունները։ Երբեմն մեծ թվով վահանակների տեղադրումը կարող է վախեցնել վայրի կենդանիներին, և նրանք կարող են ոչնչացման եզրին հայտնվել սննդի և բնակության վայրի բացակայության պատճառով: Բնապահպանական վնասը նվազագույնի հասցնելու համար վահանակները տեղադրվել են այնպիսի անկյան տակ, որպեսզի չփակեն ձկներին և այլ ջրային կենդանիներին հասնող լույսը: