ԲՆՈՒԹՅՈՒՆ

Մշակվել է ծովի ջրի աղազերծման նոր, ավելի արագ և էժան տեխնոլոգիա

Սաուդյան Արաբիայի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները մշակել են նոր տեխնոլոգիա, որը կարող է ածուխի օգնությամբ աղազերծել ջուրը։

Զարգացումը հիմնված է «կարբոնացված սեղմված փոշի» (carbonized compressed powder (CPP) կոչվող նյութի վրա, որը ստանալու համար ածուխը մանրացնում են և հետո ստացված փոշին նորից սեղմում՝ տալով դրան աղյուսի տեսք: Այս նյութն ունի երկու էական առավելություն՝ բարձր ծակոտկենություն և կլանման մեծ մակերես, բացի այդ դրան կարելի է կամայական ձևեր հաղորդել:

Աղազերծման նոր տեխնոլոգիայի կիրառման համար CPP-ն միավորում են բամբակե մանրաթելերի հետ, այնուհետև տեղադրում այնպիսի տարայի մեջ, որը պարունակում է ստացված նյութի ծավալից 1,5 անգամ ավելի շատ աղաջուր, ընդ որում CPP-ի վերին մասը պետք է ջրի մակարդակից բարձր մնա։ Սև գույնի պատճառով վերջինս արևի ճառագայթների տակ ենթարկվում է ուժեղ տաքացման, դրան զուգահեռ ջուրը ներծծվում և բարձրանում է մանրաթելերի երկայնքով մինչև CPP-ի բլոկի վերին մասը: Այնտեղ ջուրը, շփվելով բլոկի գերտաքացած մասի հետ, վերածվում է գոլորշու, գոլորշիանում և կոնդեսացվում հատուկ գմբեթի պատերին, որտեղից էլ ակոսներով ցած է հոսում և պահեստավորվում։ CPP-ի մեջ կուտակված աղը հեռացնելու համար պարզապես պետք է ողողել այն նույն ծովի ջրով:

Գիտնականների հաշվարկների համաձայն՝ նոր տեխնոլոգիայի կիրառմամբ գոլորշիացման արագությունը երեք անգամ գերազանցում է ժամանակակից ամենաարդյունավետ համակարգերի արագությանը, իսկ գործընթացն ինքնին մեկ երրորդով ավելի էժան է։

Ներկայումս Սաուդյան Արաբիայի գիտնականները հոլանդական PERA ընկերության հետ համատեղ մշակում են աղի ջրի աղազերծման փորձնական կայանի կառուցման նախագիծը։ Ըստ նախնական տվյալների, առաջին նմանատիպ կայանը կառուցվելու է Բրազիլիայում։