ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր դեղամիջոցը կաթվածահար մկներին վերադարձրել է քայլելու ունակությունը

Հյուսիսարևմտյան համալսարանի (ԱՄՆ) գիտնականները նեյրոնների վերականգնման բեկումնային դեղամիջոց են մշակել, որը կարող է բուժել ողնուղեղի վնասվածքները: Նոր տեխնոլոգիան բառացիորեն կարող է կաթվածահարներին ոտքի կանգնեցնել՝ վերադարձնելով նրանց մարմնի նկատմամբ վերահսկողությունը: Լաբորատոր մկների մոտ քայլելու ունակությունը վերականգնվել է առաջին և միակ ներարկումից հետո՝ չորս շաբաթ անց:

Source

Հեղափոխական դեղամիջոցն իրենից ներկայացնում է գել՝ մոդիֆիկացված պեպտիդներով, որոնք նմանակում են նեյրոններում վերականգնման ռեակցիաներ առաջացնող բնական սպիտակուցներին: Ներարկումից անմիջապես հետո գելը վերածվում է նանոմանրաթելերի բարդ ցանցի: Փաստացի, նյարդային համակարգը ինքն է իրեն բուժում։ Նորմալ պայմաններում նմանատիպ գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում, հիմնականում այն ​​պատճառով, որ բարդ սպիտակուցների «կյանքի» տևողությունը շատ կարճ է, մինչդեռ պարզ պեպտիդների մոտ այն անհամեմատելիորեն ավելի երկար է: Գիտնականները կարողացել են այնպես անել, որ պարզ պեպտիդները միավորվեն հազարավոր բլոկներից բաղկացած շղթաների մեջ, ինչը դրանց թույլ է տալիս ընդօրինակել բարդ սպիտակուցների ակտիվությունը, բայց միևնույն ժամանակ պահպանել կենսունակությունը մինչև 12 շաբաթ։ Երբ պեպտիդներն ավարտում են իրենց գործառույթը, դրանք քայքայվում են բջիջների համար սննդարար նյութերի, այնուհետև ամբողջությամբ դուրս են բերվում մարմնից՝ առանց նկատելի կողմնակի ազդեցությունների:

Հիմնական նորամուծությունը «պարային» (dancing molecules) էֆեկտն է, որի շնորհիվ պեպտիդային շղթաների 100,000 մոլեկուլները կարող են շարժվել և նույնիսկ հեռանալ այդ կառույցներից։ Սա թույլ է տալիս դրանց «որսալ» նեյրոնների ընկալիչները, որոնք նույնպես անընդհատ շարժվում են, և դրանով իսկ մեծացնում է դրանց հետ փոխգործակցության հավանականությունն ու հաճախականությունը: Դեղամիջոցի նման շարժական կառուցվածքը շատ արդյունավետ է հատկապես բարդ, դինամիկ նյարդային հյուսվածքի հետ աշխատելու համար:

Նոր դեղամիջոցը մի քանի բուժիչ ազդեցություն է թողնում վնասված ողնուղեղի վրա։ Այն վերականգնում է աքսոնները՝ լրացնելով դրանց պաշտպանիչ միելինային պատյանը, արագացնում է արյան անոթների աճը և, որպես հետևանք՝ ավելանում է նեյրոնների քանակը, ինչպես նաև նվազեցնում է սպիական հյուսվածքի ձևավորման ծավալը: Տեսականորեն, դեղամիջոցը պետք է նույնանման ազդեցություն ունենա թե՛ ողնուղեղի, թե՛ գլխուղեղի բջիջների վրա, և այդ պարագայում հսկայական հնարավորություններ են բացվում տարբեր հիվանդությունների բուժման համար։

Դեղամիջոցի փորձարկումները մարդկանց մասնակցությամբ կսկսվեն ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (USFDA) կողմից նոր մեթոդիկայի հաստատումից հետո: