ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսուհետ քսենոբոտները կարող են ինքնավերարտադրվել

Մոտ մեկ տարի առաջ Վերմոնտի համալսարանի գիտնականների շնորհիվ մոլորակի վրա հայտնվեց կյանքի սկզբունքորեն նոր ձև՝ քսենոբոտներ։ Դրանք ռոբոտներ չեն, բառիս բուն իմաստով, քանի որ բաղկացած են կենդանի բջիջներից, բայց դրանց պահվածքը կարելի է ծրագրավորել։ Եվ հիմա այս յուրօրինակ բիոռոբոտները ձեռք են բերել ամենակարևոր գործառույթներից մեկը՝ ինքնավերարտադրումը:

Քսենոբոտները որևէ, նույնիսկ պոտենցիալ, վտանգ չեն ներկայացնում որևէ մեկի համար, քանի որ դրանք ստեղծելու համար անհրաժեշտ նյութը կարելի է ձեռք բերել և պահել միայն լաբորատոր պայմաններում։ Այդ նյութը՝ աֆրիկյան Xenopus laevis տեսակի գորտերի սաղմից վերցված ցողունային բջիջները, պահվում է աղային լուծույթում և առանց արտաքին ազդեցության իներտ է։ Սակայն եթե մի քանի բջիջներ «հրվեն» միմյանց ուղությամբ, ապա ձևավորվում է բջիջների խումբ, որին սկսում են կպչել նաև մյուս բջիջները: Երբ դրանց թիվը հասնում է մոտ հիսունի, ձևավորվում է նոր քսենոբոտ։ Քսենոբոտը սկսում է փոխել իր կառուցվածքը՝ ձևավորելով թարթիչներ, որոնց օգնությամբ էլ սկսում է ակտիվորեն շարժվել լուծույթի մեջ: Շարժման գործընթացում քսենոբոտը բախվում է միայնակ բջիջներին, և այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը՝ բիոռոբոտը փոխում է իր հետագիծը և սկսում է բջիջները կույտերի մեջ հավաքել: Երբ կույտի բջիջների քանակությունը հասնում է մոտ հիսունի, կրկին ձևավորվում է նոր քսենոբոտ։ Այս գործընթացը կոչվում է ինքնաբուխ կինեմատիկական ինքնավերարտադրություն, նախկինում այն հայտնաբերվել էր մոլեկուլային մեքենաներում, իսկ կենդանի բջիջներում՝ առաջին անգամ։

Այնուամենայնիվ, ցողունային բջիջները դեռևս չեն կարող ինքնուրույն՝ առանց նախնական «ծնող»-ի, հավաքվել բիոռոբոտի մեջ, դրանց անպայման անհրաժեշտ է այդ գործընթացը սկսող քսենոբոտ: Փորձնականորեն պարզվել է, որ քսենոբոտի՝ բջիջները կույտերով հավաքելու ամենաարդյունավետ ձևը նման է մասնակի շրջանագծի, ինչպիսին է, օրինակ, «Pac-man»-ը տեսախաղից: Այնուամենայնիվ, բիոռոբոտներն ինքնուրույն չեն կարող նման ձևեր ստեղծել, դրանց «սերունդները» ունեն կոպիտ գնդին մոտ ձև, որը սահմանափակում է վերարտադրության արագությունն ու ծավալը։