ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Ավստրալիայում հայտնաբերվել է էնդեմիկ բույս, որը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը

Ավստրալիայի տարածքում աճում է Eremophila galeata էնդեմիկ բույսը, որը հազարավոր տարիների ընթացքում օգտագործվել է բնիկների կողմից որպես դեղամիջոց։ Այն թուփ է, որը ծածկված է փայլփլուն, կպչուն տերևներով։ Թփերի բարձրությունը 1-ից 4 մետր է, իսկ մինչև 3,5 սանտիմետր երկարությամբ տերևները ծայրից ոլորվում, նմանվում են խողովակների։ Բույսը ծաղկում է մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ինչի արդյունքում աճում են չոր օվալաձև պտուղներ։ Բույսի բուժիչ հատկություններից օգվտելու համար բնիկները ծխում են դրա տերևները կամ դնում դրանք մաշկի վնասված հատվածներին՝ որպես կոմպրես:

Բույսի օգտակար հատկությունների մասին գիտնականներն իմացել են 2007 թվականին ավստրալացի բուսաբան Ռոբերտ Չիննոկի շնորհիվ, սակայն երկար ժամանակ չեն կարողացել այն կենսաքիմիական մակարդակով ուսումնասիրել՝ անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայության պատճառով։ Այժմ, երբ անհրաժեշտ ամեն ինչն առկա է, ուսումնասիրությունների արդյունքում Eremophila galeata-ի տերևներում հայտնաբերեցին մի նյութ, որը կարող է բարձրացնել քաղցկեղի բուժման արդյունավետությունը:

Այսօր բժշկությունը հիմնականում կարող է բուժել քաղցկեղը, որոշ դեպքերում հիվանդությունը նույնիսկ ամբողջությամբ է նահանջում։ Քաղցկեղի ամենաարդյունավետ բուժումը մնում է քիմիաթերապիան, որի ընթացքում հիվանդին տրվում են դեղամիջոցներ, որոնք սպանում են քաղցկեղային բջիջները: Չնայած իր ողջ արդյունավետությանը, այս մեթոդն ունի մի շարք կողմնակի ազդեցություններ և խոցելիություններ: Կողմնակի ազդեցությունները ներառում են արյան բջիջների քանակի նվազումը, մազաթափությունը, թուլությունը և այլն: Իսկ հիմնական խոցելիություններից մեկն այն է, որ քաղցկեղային բջիջները կարողանում են զարգացնել դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականություն։ Դրանցից ոմանք բառացիորեն դուրս են մղում դեղամիջոցներն իրենց միջից:

Ներկայումս գիտնականները փորձում են նոր միջոցներ գտնել դեղերի նկատմամբ դիմադրողականություն ձեռք բերած քաղցկեղային բջիջների դեմ պայքարելու համար, քանի որ  այսօր հասանելի միջոցներն ունեն բազմաթիվ կողմնակի ազդեցություններ։

Այնուամենայնիվ, Eremophila galeata բույսում հայտնաբերված նյութերը՝ ֆլավոնոիդները, բոլորովին այլ բան են: Այս նյութերի բոլոր հատկությունները դեռևս ուսումնասիրված չեն, հայտնի է, որ դրանք բնական ներկանյութեր են և ունեն հակաբակտերիալ հատկություն, ուստի գիտնականները որոշել են ստուգել՝ արդյոք այն կարող է օգնել քաղցկեղի բուժմանը։

Պարզվել է, որ քաղցկեղային բջիջների հետ շփվելիս ֆլավոնոիդները ճնշում են դեղերը դուրս հանելու դրանց կարողությունը։ Հաշվի առնելով, որ այս նյութերը լիովին անվտանգ են մարդու առողջության համար, հետազոտողները մեծ ակնկալիքներ են կապում դրանց հետ։ Սա, իրապես, կարող է բարձրացնել քիմիաթերապիայի արդյունավետությունը:

Նշենք նաև, որ Eremophila ցեղի բազմաթիվ բույսեր նույնպես ունեն օգտակար հատկություններ, և կարող են օգտագործվել նաև շաքարախտի և բորբոքումների կանխարգելման համար: