ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Նոր Ninu օծանելիքը թույլ է տալիս հավելվածի օգնությամբ 100-ից ավել բույր ստանալ

Մեզ հասած մագաղաթների համաձայն առաջին օծանելիքները ստեղծվել են դեռևս մ.թ.ա. 10-րդ դարում, ժամանակի ընթացքում օծանելիքի պատրաստման և օգտագործման եղանակներն անընդհատ փոփոխվել և զարգացել են։ Այժմ գիտատեխնիկական զարգացումը թույլ է տալիս այս ոլորտում ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք իրապես ֆանտաստիկ են թվում։ Սլովենական Ninuperfume ընկերությունը ներկայացրել է խելացի օծանելիքի սարք, որը թույլ է տալիս հավելվածի օգնությամբ 100-ից ավել բույր ստանալ։

Ninu Smart Perfume սարքը հեղուկացրիչի և iOS-ի կամ Android-ի համար նախատեսված հատուկ բջջային հավելվածի համադրություն է՝ Bluetooth կապով։ Օծանելիքի շշի ներսում կան 25 մլ ծավալով երեք տարաներ, որոնցից յուրաքանչյուրը լցված է իր սեփական անուշաբույր հիմքով:

Հավելվածի միջոցով օգտատերը կարող է փորձել ինքնուրույն խառնել տարբեր բույրերը կամ ընտրել բույրերի՝ նախապես ծրագրավորված հարաբերակցությունը: Արդյունքում օծանելիքի տարբեր բույրերը նախապես որոշված ​​ծավալներով դուրս են բերվում իրենց տարաներից, խառնվում և միասին ցողվում հեղուկացրիչից։ Սարքը ստեղծողների տվյալներով՝ այս կերպ կարելի է ստանալ ավելի քան 100 տարբեր բույրեր և օգտագործել դրանք ըստ ցանկության և տրամադրության։

Խելացի օծանելիքն աշխատելու է մարտկոցով, և մարտկոցի մեկ լիցքավորումը պետք է բավարարի այն ժամանակի համար, որն անհրաժեշտ է տարաների առաջին փաթեթի դատարկման համար, անկախ նրանից, թե որքան երկար է տևում այդ ժամանակահատվածը: Օծանելիքը սպառելուց հետո տարաները պետք է փոխարինել՝ օգտագործվածներն ուղարկելով վերամշակման։

Այժմ Ninu Smart Perfume-ի նախագիծը տեղադրված է Kickstarter-ում: Սարքի նախատեսված մանրածախ գինը կկազմի 289 դոլար։