ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները գտել են առաջին կաթնասուններին, որոնք մարդկանց պես աճեցնում են իրենց սնունդը

Ֆլորիդայի համալսարանի (ԱՄՆ) կենսաբանները ապացույցներ են հավաքել այն մասին, որ գոֆերները (pocket gopher) բառացիորեն աճեցնում են իրենց սնունդը, այլ կերպ ասած՝ զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Սրանք առաջին կաթնասուններն են (իհարկե, մարդկանցից հետո), որոնք զբաղվում են սեփական սննդի մշակմամբ։ Գյուղատնտեսությունը տարածված է տերմիտների և մրջյունների շրջանում, դրանով զբաղվում են նաև միջատների այլ տեսակներ, սակայն ավելի վաղ դրանով զբաղվող այլ կաթնասուններ չէին նկատվել։

Գիտնականները նշում են, որ այն, ինչը համարվում է գյուղատնտեսության ճանապարհով սնունդ ստանալը, հնարավոր չէ միանշանակ սահմանել: Այսպես օրինակ՝ սերմը ցանելը, այնուհետև բերքը հավաքելը գյուղատնտեսություն է, բայց դրա հետ մեկտեղ մեր մոլորակի տարբեր շրջաններում մարդիկ հավաքում են վայրի մրգեր, և դա նույնպես գյուղատնտեսություն է: Նույնը կարելի է ասել սնկերի ու հատապտուղների մասին․ միշտ չէ, որ դրանք մարդիկ են աճեցրել, բայց մարդիկ փորձում են հոգ տանել այն վայրերի մասին, որտեղ դրանք աճում են, որպեսզի կարողանան շարունակել դրանք օգտագործել։

Գոֆերները նմանատիպ վարքագիծ են ցուցաբերում։ Դրանք ապրում են հողի տակ, իրենց փորած թունելներում, որոնք, որպես կանոն, բավականին մոտ են ծառերին և մեծ թփերին: Արդյունքում ծառերի արմատները, որոնք կազմում են գոֆերների սննդի մինչև 60%-ը, հայտնվում են դրանց «տներում»։

Գոֆերները ուշադիր հետևում են իրենց թունելների վիճակին և փորձում են հարմարավետ պայմաններ ստեղծել այնտեղ՝ արմատների աճի համար: Օրինակ՝ փխրեցնում են հողը և հարստացնում այն օդով, ինչպես նաև օգտագործում են իրենց արտաթորանքը որպես պարարտանյութ։ Բացի այդ գոֆերները ոչնչացնում են բոլոր այն վնասատուներին, որոնք կարող են խաթարել արմատների աճը։ Եվ այս ամենը գոֆերներն անում են, որպեսզի կարողանան շարունակական սնվել այդ արմատներով, այլ ոչ թե ոչնչացնել դրանք ամբողջությամբ և անցնել հաջորդներին։ Այսինքն՝ գոֆերներն իրենց պահում են պատասխանատու ֆերմերների պես: