ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս է գործում ձայնային անզգայացումը

Ավելի քան կես դար առաջ ատամնաբույժ Ուոլես Գարդները նկատել էր, որ ատամնաբուժական վիրահատությունների ժամանակ հնչող երաժշտությունն այնքան էր թեթևացնում ցավը, որ որոշ հիվանդներ նույնիսկ անզգայացման կարիք չէին ունենում։ Երաժշտության նման ազդեցությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտնականների մոտ, և նրանք բազմիցս հաստատել են, որ երաժշտությունը կարող է թեթևացնել ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական ցավը։

Նման ռեակցիայի հիմքում ընկած մեխանիզմները պարզաբանելու համար ԱՄՆ-ի Ատամնաբուժական և գանգադիմային հետազոտությունների ազգային ինստիտուտի (National Institute of Dental and Craniofacial  Research) նյարդաբանները Յուանյուան ​​Լյուի (Yuanyuan Liu) գլխավորությամբ փորձեր են անցկացրել լաբորատոր մկների վրա։

Մկների համար 20 րոպե հաճելի (մարդկային ականջի համար) երաժշտություն էին միացրել։ Ձայնի բարձրությունը տատանվում էր 50-ից 60 դեցիբել, ընդ որում սենյակում ֆոնային աղմուկը 45 դեցիբել էր։ Այդ ընթացքում մկների վերջույթները տարբեր ուժգնությամբ ծակում էին։ Եթե ​​կենդանին հետ էր քաշում կամ սկսում էր լիզել թաթը, ապա դա նշանակում էր, որ նա ցավ է զգում։

Փորձերը ցույց են տվել, որ եթե երաժշտությունը բավականաչափ ցածր էր հնչում, գրեթե շշնջաձայն, ապա ցավային ռեակցիան երեք անգամ ավելի թույլ էր, քան առանց դրա: Իսկ եթե հնչող երաժշտությունը բարձր էր, ապա ցավի նկատմամբ զգայունությունը մնում էր նույնը, ինչ և առանց երաժշտության։ Ընդ որում, նմանատիպ արդյունքներ են գրանցվել նաև «տգեղ», ատոնալ երաժշտության հնչյունների և նույնիսկ սովորական «սպիտակ աղմուկի» դեպքում, եթե այն մի փոքր ավելի բարձր էր, քան ֆոնային աղմուկի ձայները։

Գիտնականները կրկնեցին փորձերը ֆլուորեսցենտ ներկերի և միկրոէլեկտրոդների օգտագործմամբ, ինչը հնարավորություն տվեց վերահսկել փորձարարական մկների ուղեղի ակտիվությունը։ Ինչպես պարզվեց, ցածր ձայները նվազեցնում են լսողական կեղևից եկող ազդանշանների հոսքը դեպի թալամուս, որը հանդիսանում է բոլոր տեսակի զգայությունների ենթակեղևային կենտրոնը: Իսկապես, երբ ուղեղի այս հատվածների միջև կապն արհեստականորեն արգելափակում էին, կենդանիները թուլացած արձագանք էին ցույց տալիս ցավային գրգռիչներին:

Այսպիսով, գիտնականները եզրակացրել են, որ ցածր ձայնային ֆոնը նվազեցնում է ցավային զգայությունների ուժգնությունը։ Միգուցե ապագայում նման «ձայնային անզգայացումը» կիրառություն գտնի բժշկական պրակտիկայում։ Սակայն առայժմ հեղինակները նախատեսում են ուսումնասիրել դրա ազդեցությունը մարդկանց վրա՝ ՄՌՇ-ի միջոցով հետևելով թալամուսի ակտիվությանը։