ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խոսքի ուսուցումը սկսվում է ծնվելուց մի քանի ժամ անց

Նորածնի ճիչն ու արտաբերած հնչյուններն իհարկե նման չեն սովորական խոսքին, և պետք է բավականին երկար ժամանակ անցնի մինչև երեխայի առաջին արտասանված բառի և կապակցված խոսքի ի հայտ գալը։ Այնուամենայնիվ, ո՞ր պահից սկսված է երեխան տարբերում խոսքի հնչյունները մյուս ձայներից: Ենթադրվում է, որ արդեն արգանդում երեխաները կարող են տարբերել առանձին ձայներ, իսկ երբ ծնվում են, ապա ակնհայտորեն գերադասում են մարդկային խոսքը ցանկացած այլ ձայնից:

Շենժենի համալսարանի աշխատակիցները և նրանց գործընկերները Չինաստանի և Մեծ Բրիտանիայի այլ հետազոտական ​​կենտրոններից անց են կացրել համատեղ ուսումնասիրություն, որի արդյուքում պարզվել է, որ խոսքը ոչ խոսքից տարբերելու կարողությունը երեխաների մոտ ի հայտ է գալիս շատ վաղ հասակում՝ բառացիորեն ծնվելուց հետո առաջին ժամերին:

Հետազոտության շրջանակներում նորածին երեխաներին հագցնում էին առաձգական գլխարկ-սաղավարտ, որն ինֆրակարմիր իմպուլսներ էր փոխանցում (գլխարկն այնպես էր պատրաստված, որ երեխաներին որևէ անհարմարություն չպատճառեր)։ Ինֆրակարմիր ճառագայթման իմպուլսները հնարավորություն էին տալիս տեսնել, թե ուղեղի որ հատվածներն էին ավելի շատ թթվածին կլանում տվյալ պահին, իսկ թթվածնի կլանմամբ կարելի էր դատել, թե որքան ակտիվ էր այդ պահին ուղեղի այս կամ այն ​​հատվածը։  Այդ ընթացքում երեխաներին տալիս էին լսել առանձին չինական ձայնավորներ: Բայց մի դեպքում ձայնը հնչում էր այնպես, ինչպես սովորաբար հնչում է խոսքի մեջ, իսկ մյուս դեպքում՝ հնչում էր դրա ձայնագրությունը հակառակ ուղղությամբ։ Ճիշտ ձայնը հնարավոր է տարբերել հակառակից, թեև դա միշտ չէ, որ հեշտ է՝ մեծահասակներին դա հաջողվում է 70% դեպքերում։

Դատելով նորածինների ուղեղի ակտիվությունից՝ ծնվելուց անմիջապես հետո նրանք ընդհանրապես չէին տարբերում խոսքի նորմալ ձայնը դրա հակառակ տարբերակից։ Բայց երեխաները ժամանակ առ ժամանակ շարունակում էին երկու ձայներն էլ լսել, և երեք ժամ հետո նրանց ուղեղն արձագանքում էր նորմալ ձայնին ավելի արագ, քան հակառակ ձայնագրվածին, իսկ ևս երկու ժամ հետո ուղեղն արձագանքում էր նորմալ ձայնին ոչ միայն ավելի արագ, այլև ավելի ուժեղ: Այլ կերպ ասած, մարդու ուղեղը սկսում է սովորել տարբերել խոսքը ծնվելուց անմիջապես հետո: Այսինքն՝ երեխան դեռ չգիտի, որ խոսք է լսում, բայց, այսպես թե այնպես, որսում է խոսքի և ոչ խոսքի հնչյունների տարբերությունները, նույնիսկ եթե տարբերությունները շատ չնչին են։

Հավելենք, որ ուղեղում ակտիվությունը գրանցվել էր կեղևի վերին քունքային բլթում, որը պատասխանատու է ձայների վերլուծության համար, և ճակատային կեղևում՝ բարդ շարժումները պլանավորող հատվածում։ Ընդ որում, երկու հատվածներն էլ հատկապես ակտիվ էին ձախ կիսագնդում։ Մեծահասակների մոտ նման ակտիվությունը բնորոշ է խոսքում ձայնավոր հնչյունների մշակմանը։ Այսինքն նորածինների ուղեղում նկատվել էր նույն գործունեությունը, որը տվյալ իրավիճակում բնորոշ կլիներ մեծահասակներին։ Սակայն այն երեխաների մոտ, ովքեր կյանքի առաջին ժամերին խոսք չէին լսել, ուղեղի այս երկու հատվածների միջև նմանատիպ կապ չէր գրանցվել։

Այս ամենից հետևում է, որ նորածինների հետ խոսելը գործնականում մեծ նշանակություն ունի. թեև նրանք մեզ չեն հասկանում և չեն կարողանում պատասխանել, նրանք պետք է լսեն խոսքը, որպեսզի ուղեղը սկսի հնարավորինս շուտ սովորել տիրապետել դրան: