ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ճապոնիայում ստեղծել են աշխատավայրում քնելու համար նախատեսված «մահճակալ-տուփեր»

Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի իրավապահ համակարգը 2021 թվականին 2346 աշխատողների կողմից փոխհատուցման հայցեր է գրանցել՝ գերծանրաբեռնված աշխատանքի հետևանքով առաջացած հոգեկան խանգարումների համար։ Այս ցուցանիշը մոտ 295-ով ավելի է, քան 2020 թվականին։ Նոր բացասական ռեկորդը ընդգծում է արտաժամյա աշխատանքի անառողջ իրավիճակը, որը Ճապոնիայում տասնամյակներ շարունակ սովորական է եղել: Բայց կորպորացիաները նախընտրում են պայքարել ոչ թե պատճառի, այլ ախտանիշների դեմ, ինչն էլ հանգեցրել է աշխատավայրում օրիգինալ, շատերիի համար նույնիսկ ծիծաղելի, ուղղահայաց «մահճակալ-տուփերի» ստեղծմանը։

Մահճակալ-տուփերը նախագծվել են կահույքի արտադրությամբ զբաղվող ճապոնական Itoki ընկերության կողմից՝ որպես այլընտրանք ձեռքի տակ ունեցած իրերի, որոնք ճապոնացիներն օգտագործում են աշխատավայրում քնելու համար: Շատերը զգուշանում են ընդմիաջման ժամերին դուրս գալ գրասենյակից, որպեսզի իրենց ծույլ չհամարեն, ուստի ստիպված են լինում հանգստանալ ոչ հարմարավետ դիրքերով։ Որպես կանոն, գրասենյակներում հնարավորություն չի լինում ներքնակ կամ բազմոց տեղադրել աշխատակիցների հանգիստն ապահովելու համար։ Ուղղահայաց մահճակալ-տուփերի նախագծողները փորձել են լուծել այս խնդիրը՝ ստեղծելով առանձին տեղ չզբաղեցնող հանգստավայր։

Մահճակալ- տուփի ներսում կա հենարանների հատուկ մշակված համակարգ, որպեսզի մարդը կարողանա, դրանց վրա հենվելով, հանգստանալ նույնիսկ ուղղահայաց դիրքում: Թե որքանով է դա իրականում հարմար լինելու, դժվար է ասել, այս կահույքը դեռևս վաճառքի չի հանվել։