ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Շվեյցարիայում մինչեվ 2031 թվականը կկառուցվի ստորգետնյա բեռնափոխադրումների համակարգ

Շվեյցարիայում նախատեսում են նոր ինքնավար տրանսպորտային ստորգետնյա համակարգ կառուցել, որն առաջին փուլում ներառելու է շուրջ 70 կմ թունելների ցանց՝ 10 կանգառներով։ Cargo Sous Terrain (CST) անվանումը ստացած նախագծի հիմնական գաղափարը փոքր բեռների համար լիովին ինքնավար, զրոյական արտանետումներով տրանսպորտային համակարգ մշակելն է, որը կօգնի որոշակիորեն թեթևացնել ճանապարհային խցանումները։

Համեմատած Hyperloop-TT Hyperport հավակնոտ և թանկարժեք նախագծի հետ, որը նախատեսում է բեռնարկղերը ստորգետնյա թունելներով տեղափոխել 1220 կմ/ժ արագությամբ, CST-ն հաջող գործարկման ավելի մեծ հնարավորություններ ունի։

 Նոր տրանսպորտային համակարգը կենտրոնացած է լինելու համեմատաբար փոքր բեռների  տեղափոխման վրա։ Համակարգի թունելները կունենան 6 մետր լայնություն և կունենան հարթ հատակ՝ բաժանված երթևեկության երեք գոտիների։ Բեռնարկղերը կունենան էլեկտրական շարժիչներ իսկ էլեկտրաէներգիան կստանան ինդուկցիոն ռելսերի միջոցով: Մթերքները թարմ պահելու համար կլինեն նաև սառնարան բեռնարկղեր։ Շարժման արագությունը կկազմի ընդամենը 30 կմ/ժ, սակայն դա, ըստ ինժեներների հաշվարկների, բավարար կլինի Շվեյցարիայի հիմնական տրանսպորտային զարկերակները բեռնաթափելու համար։

Բեռնարկղերը բեռնվելու են վերգետնյա լոգիստիկ օբյեկտներում, այնուհետև վերելակների միջոցով իջեցվելու են ներքև։ Համակարգի շահագործումը լինելու է լիովին ինքնավար և գրեթե անաղմուկ։ Ակնկալվում է, որ էներգիայի կարիքները բավարարելու համար կօգտագործվեն միայն վերականգնվող աղբյուրները:

Առաջին հատվածի կառուցման համար կպահանջվի մոտավորապես 3 մլրդ դոլար, որը նախատեսվում է հավաքել մասնավոր ներդրողներից։ Կապալառուն այժմ զբաղված է անհրաժեշտ թույլտվությունների ձեռքբերմամբ և վերգետնյա լոգիստիկ օբյեկտների օպտիմալ դիրքի որոշմամբ: Եթե ​​այս նախագիծը հաջողվի, նախատեսվում է CST ցանցի երկարությունը հասցնել 500 կմ-ի։

Առաջին փուլով համակարգի գործարկումը նախատեսված է 2031 թվականին։