ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեղծվել է արհեստական բանականություն, որն ընդունակ է մտածել երեխայի պես

Արհեստական ​​բանականության համակարգերն ունակ են շատ բաների. որոշ հարցերում դրանք նույնիսկ ավելի արդյունավետ են գործում, քան մարդիկ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ԱԲ առանձնանում է իր հատկանիշներով միայն որոշակի ոլորտում։ Դրանց մի մասը լավ է նկարում, մյուսը երաժշտություն է գրում կամ տվյալներ վերլուծում և այլն:

Սակայն ինքն իրենով ԱԲ-ն այսօր դեռրս երեխայի մակարդակին էլ չի հասել։ Այնուամենայնիվ նեյրոնային ցանցերի ուսուցման աշխատանքներն անընդհատ շարունակվում են, և վերջերս ներկայացվել է արհեստական ​​բանականություն, որը զարգացվածության աստիճանով մոտ է մի քանի ամսական երեխային։

Ինչի՞ է ընդունակ նոր ծնված երեխան։ Իր կյանքի առաջին օրերին նա կարող է ինքնուրույն միայն շնչել և լաց լինել՝ նրան օգնություն է պետք գոյատևելու համար: Բայց մի քանի ամիս անց երեխան սկսում է բնազդաբար հասկանալ մեր աշխարհը: Օրինակ, նրա համար պարզ է դառնում, որ մարդիկ ի վիճակի չեն պարզապես անհետանալ:

ԱԲ-ի համար նման երեւույթներն անհասկանալի են, ուստի գիտնականները որոշել են ստեղծել մի այնպիսի համակարգ, որը պետք է սովորի հասկանալ իրական աշխարհի կանոնները։ Այն կոչվում էր PLATO (Physics Learning through Auto-encoding and Tracking Objects), որը կարելի է վերծանել որպես «Ֆիզիկայի ուսուցում օբյեկտների ավտոմատ կոդավորման և հետևելու միջոցով»։ ԱԲ-ին ուսուցանելու համար գիտնականներն օգտագործել են հատուկ տեսանյութեր, որտեղ պատկերված էին գնդակներ, որոնք ընկնում էին հատակին, ցատկում միմյանց վրայից և այլն։  Այդ տեսանյութերը ցույց էին տալիս հինգ հիմնական հասկացությունները, որոնք երեխաները սովորում են իրենց կյանքի առաջին ամիսներին՝

  • հաստատունություն – առարկաները չեն կարող հանկարծակի անհետանալ,
  • կարծրություն – պինդ առարկաները չեն կարող անցնել միմյանց միջով,
  • շարունակականություն – առարկաները հետևողականորեն շարժվում են տարածության և ժամանակի մեջ,
  • անփոփոխելիություն – օբյեկտները չեն կարող պարզապես փոխել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ձևը,
  • ուղղորդված իներցիա – օբյեկտները շարժվում են իներցիայի սկզբունքների համաձայն:

Ուսուցումն ավարտելուց հետո գիտնականները ստուգել են՝ արդյոք ԱԲ ճիշտ է սովորել բոլոր դասերը։ Պարզվեց, որ այո։ Երբ ԱԲ-ին ցույց տվեցին տեսանյութեր, որտեղ անհնարին երևույթներ էին պատկերված, օրինակ՝ իրարով անցնող պինդ առարկաներ, այն անմիջապես նկատեց դա։ Համակարգը ճանաչում էր ֆիզիկայի օրենքների խախտումները նույնիսկ երբ գնդակներից տարբերվող առարկաներ էին ցուցադրվում: Այսպիսով, գիտնականները համոզվել են, որ իրենց ստեղծած ԱԲ-ն կարողանում է սովորել և ընդլայնել իր հիմնական գիտելիքները։