ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ջրանցքները կծածկեն արևային մարտկոցներով

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգը հաստատել է Nexus կոչվող նախագծի ֆինանսավորումը, որը կազմելու է շուրջ 20 մլն դոլար։ Նախագծի ընդհանուր նպատակն է նահանգի ջրանցքները ծածկել արևային մարտկոցներով, սակայն սկզբնական շրջանում նախատեսվում է բավարարվել միայն երկու փորձնական տեղամասերով՝ ընդհանուր 1750 մետր երկարությամբ։

Եթե ​​Կալիֆոռնիայի բոլոր ջրանցքները՝ ընդհանուր 6440 կմ երկարությամբ, ծածկված լինեին արևային մարտկոցներով, դա կստեղծեր 13 գիգավատ վերականգնվող էլեկտրաէներգիա: Մեկ գիգավատը բավարար է 750,000 տուն սնուցելու համար, այսինքն՝ այս էներգիան կբավականացներ 9,75 միլիոն տնային տնտեսություններին։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հուլիսի դրությամբ Կալիֆոռնիայում կար 13,1 միլիոն տնային տնտեսություն։

Հնդկաստանն արդեն իրագործել է արևային մարտկոցներով ջրանցքի ծածկույթի հայեցակարգը, սակայն ինչպես հայտնում են նախագծի հեղինակները, Nexus նախագիծը իր տեսակի մեջ առաջինը կլինի ԱՄՆ-ում:

Նախատեսվում է, որ նախագիծը կսկսի գործել 2022 թվականի աշնանը, իսկ փորձնական շրջանը կավարտվի 2024 թվականի վերջին։

Նախագծի նպատակն է ցույց տալ, թե որքանով են արևային մարտկոցները նվազեցնում ջրի գոլորշիացումը (հեղինակների գնահատմամբ, ջրանցքների տեղափոխած ջրի 1-2%-ը գոլորշիանում է) և ջրանցքների պահպանման ծախսերը, և իհարկե, թիվ մեկ խնդիրը վերականգնվող էլեկտրաէներգիայի արտադրությունն է։

«2021 թվականի ուսումնասիրության ընթացքում մենք ցույց տվեցինք, որ Կալիֆոռնիայի ջրանցքների ծածկելը արևային մարտկոցներով տարեկան կխնայի ավելի քան 246 միլիարդ լիտր ջուր՝ նվազեցնելով գոլորշիացումը: Սա բավարար է ավելի քան 20 հազար հեկտար գյուղատնտեսական հողատարածք ոռոգելու կամ ավելի քան 2 միլիոն մարդու ջուր մատակարարելու համար»,- նշում են հեղինակները։