ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ ենք մենք հոգնում մտավոր աշխատանքից

Մտավոր աշխատանքի ինտենսիվությունը ֆիզիոլոգիական տեսանկյունից օբյեկտիվորեն գնահատելը շատ դժվար է, սակայն սուբյեկտիվորեն այն կարող է նույնքան կամ նույնիսկ ավելի հոգնեցնող լինել, որքան և ֆիզիկական աշխատանքը: Ենթադրվում է, որ հոգնածության առաջացման սկզբունքը երկու դեպքերում էլ նույնն է՝ նյութափոխանակության միջանկյալ արգասիքների կուտակումը։

Սորբոնի համալսարանի (Ֆրանսիա) գիտնականների կարծիքով ինտենսիվ մտավոր գործունեությունը հանգեցնում է նեյրոհաղորդիչների, հատկապես գլուտամատի, կուտակմանը նախաճակատային կեղևի սինապսներում։ Գլուտամատը (գլուտամինաթթու) կենտրոնական նյարդային համակարգի հիմնական գրգռիչ նեյրոհաղորդիչն է և օգտագործվում է մի շարք նյարդային շղթաների կողմից: Գլուտամատի ավելցուկը բարդացնում է սինապսների աշխատանքը և կարող է վնասել նեյրոններին: Այսպիսով, հոգնածությունը ծառայում է որպես գործունեությունը դադարեցնելու ազդանշան, որպեսզի պահպանվի ուղեղի աշխատունակությունը:

Իրենց փորձերում հետազոտողներն օգտագործել են մագնիսական ռեզոնանսային սպեկտրոսկոպիան, որն օգտագործում է ռադիոալիքները և մագնիսական դաշտը՝ ուղեղում գլուտամատի քանակն ու բաշխումը գնահատելու համար։ Փորձերն իրականացվել են կամավորների երկու խմբի հետ։ Նրանք ամբողջ օրը պետք է լուծեին կոգնիտիվ (ճանաչողական) խնդիրներ։ Առաջին խմբի վարժությունները հեշտ էին և մեծ դժվարություններ չէին առաջացնում, իսկ երկրորդ խմբին լուրջ ջանքեր պահանջող առաջադրանքներ էին ներկայացրել։

Ինչպես և ենթադրվում էր, ժամանակի ընթացքում երկրորդ խմբի մասնակիցները սկսեցին հոգնածության նշաններ ցույց տալ, և խնդրի մի քանի այլընտրանքային լուծումներից նրանք ավելի հաճախ սկսեցին ընտրել նվազագույն ջանքեր պահանջողները: Միաժամանակ, սպեկտրոսկոպիան ցույց էր տալիս, որ նրանց գլխուղեղի նախաճակատային կեղևի կողային հատվածներում գլուտամինաթթու էր կուտակվում։

Նախաճակատային կեղևը պատասխանատու է բարձր ճանաչողական գործառույթների համար, և երբ դրա նեյրոնները ինտենսիվորեն աշխատում են ազդանշաններ փոխանակելով, գլուտամատն ակտիվորեն արտազատվում է սինապտիկ տարածություն: Արդյունքում գլուտամատը չի հասցնում այնտեղից դուրս գալ և աստիճանաբար կուտակվում է։ Այս ամենը բարդացնում է սինապսների աշխատանքը՝ նեյրոնների ներսում բավականաչափ գլուտամատ չկա, իսկ արտաքին տարածությունում այն չափից շատ է: Իսկ երբ դրա կոնցենտրացիան չափազանց բարձր է, այն դառնում է թունավոր նյարդային բջիջների համար։

Գիտնականները կարծում են, որ հենց այս գործոնն է ստիպում ուղեղին խուսափել ինտենսիվ մտավոր աշխատանքից և հոգնածության միջոցով ազդանշան տալ, որ եկել է հանգստանալու և վերականգնվելու ժամանակը։

Մյուս կողմից, ուղեղի ոչ բոլոր գործառույթներն են հավասարապես թուլանում մտավոր հոգնածության պատճառով: Օրինակ, որքան էլ հոգնած լինենք, մենք հիանալի կերպով տարբերում ենք դեմքերը, իսկ դեմքերի ճանաչումը շատ բարդ խնդիր է, որը պահանջում է մեծ ռեսուրսներ։ Եվ, ամենայն հավանականությամբ, խնդիրը միայն գլուտամատի մեջ չէ։ Այսպիսով, առայժմ վստահորեն կարելի է ասել միայն այն, որ գլուտամատի ավելցուկն ազդում է որոշակի կոգնիտիվ առաջադրանքների կատարման արդյունավետության վրա: