ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս էին հնում վիրահատություններ կատարում առանց անզգայացման

Բոլորն իրենց կյանքի ընթացքում գոնե մի քանի անգամ տառապում են ինչ-որ հիվանդությունից։ Դրանք սովորաբար բուժվում են դեղամիջոցներով, սակայն որոշ դեպքերում վիրահատության անհրաժեշտություն է առաջանում։ Այսօր դրանում ոչ մի սարսափելի բան չկա, քանի որ նման միջամտությունների ժամանակ հիվանդները գտնվում են անզգայացման մեջ և ցավ չեն զգում։ Իսկ հին ժամանակներում արդյունավետ ցավազրկողներ գոյություն չունեին, սակայն վիրաբուժական վիրահատություններն այնուամենայնիվ իրականացվում էին։ Որոշ դեպքերում հիվանդները պարզապես ստիպված էին դիմանալ, մինչև բժիշկները կտրեին ախտահարված օրգանը։ Իսկ երբեմն ցավազրկման համար օգտագործվում էին այնպիսի մեթոդներ, որոնք այսօր մեզ կարող են սարսափեցնել, օրինակ որոշ բժիշկներ վիրահատությունից առաջ պարզապես հարվածում էին հիվանդի գլխին, որպեսզի նա որոշ ժամանակով կորցներ գիտակցությունը և ոչինչ չզգար։ Բայց արդյո՞ք չկային անզգայացման ավելի մարդասիրական մեթոդներ: Իհարկե կային։

Ինչպե՞ս է գործում անզգայացումը

Գիտական ​​տեսանկյունից անզգայացումը (անեսթեզիա)  կենտրոնական նյարդային համակարգի արհեստական ​​արգելակումն է, որի ժամանակ մարդու՝ ցավի նկատմամբ զգայունությունը վերանում է։ Անզգայացումը լինում է տեղական և ընդհանուր: Առաջինի դեպքում ցավն անհետանում է միայն մարմնի որոշակի հատվածում, իսկ երկրորդում՝ մարդը կորցնում է գիտակցությունը և ընդհանրապես ոչինչ չի զգում։ Էֆեկտն առաջանում է, երբ օրգանիզմ են ներարկում ցավազրկողներ, որոնց չափաբաժինը հաշվարկում է անեսթեզիոլոգը։ Անզգայացնող միջոցների հարաբերակցությունը և կոնցենտրացիան կախված է վիրահատության տեսակից և հիվանդի անհատական ​​առանձնահատկություններից:

Պարզ ասած, ցավազրկողները խանգարում են նյարդային բջիջներին ուղեղին ցավի մասին տեղեկատվություն փոխանցել: Ներկայումս անզգայացման բազմաթիվ տեսակներ կան, և դրանցից յուրաքանչյուրն անհատական մոտեցում է պահանջում, որովհետև յուրաքանչյուր մարդու օրգանիզմ տարբեր կերպ է արձագանքում ցավազրկողներին։

Անզգայացումը հին ժամանակներում

Հին ժամանակներում մարդիկ վատ էին տիրապետում մարմնի աշխատանքի սկզբունքներին: Ուստի, որպեսզի վիրահատության ժամանակ մարդը հանկարծակի շարժումներ չաներ ու չտուժեր, միջնադարյան Եվրոպայում մուրճով հարվածում էին նրա գլխին։ Հիվանդը կորցնում էր գիտակցությունը և ոչինչ չէր զգում, սակայն որոշ դեպքերում հարվածը կարող էր պարզապես հանգեցնել մահվան։ Երբեմն կտրում էին հիվանդների երակները և նրանք արյունահոսում էին մինչև ուշագնացություն: Բայց նման դեպքերում մարդու մահվան վտանգը մեծ էր։ Քանի որ անզգայացման այս բոլոր մեթոդները վտանգավոր էին, ժամանակի ընթացքում որոշվեց հրաժարվել դրանցից։

Երբեմն վիրահատությունները կատարվել են առանց անզգայնացման և, որպեսզի հիվանդները չշարժվեին և չխանգարեին վիրաբույժին, նրանց ձեռքերն ու ոտքերը ամուր կապում են։ Հիվանդներին քիչ տանջելու համար վիրաբույժները փորձում էին վիրահատությունները հնարավորինս արագ կատարել։ Օրինակ, հայտնի է, որ ռուս վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովը ոտքի անդամահատման վրա ծախսում էր ընդամենը 4 րոպե, իսկ կաթնագեղձերի հեռացման վրա՝ 1,5 րոպե։

Աշխարհի առաջին ցավազրկողները

Մինչ միջնադարյան Եվրոպայում հիվանդներին խոշտանգում էին, որոշ ազգեր փորձում էին ցավազրկողներ հորինել: Հին ժամանակներում շատ շամաններ հաճախ թմրանյութերի ազդեցության տակ էին: Այսպիսով, նրանցից ոմանք կոկայի տերևներ էին ծամում և թքում ատացված զանգվածը մարդկանց վիրավորն մասերի վրա։ Ցավազրկող ազդեցությունն իսկապես զգացվում էր, բայց հին ժամանակներում շամանները չգիտեին, թե կոնկրետ ինչու էր դա տեղի ունենում: Նրանք համարում էին, որ ցավազրկումը աստվածների պարգևն է։

Գիտությունն անընդհատ զարգանում էր, և արդեն 19-րդ դարում մարդիկ հասկացան, որ ցավազրկող ազդեցություն կարող է տալ ազոտի ենթօքսիդը: Բժշկության մեջ այսպես կոչված «ծիծաղեցնող գազն» ի սկզբանե օգտագործվում էր կրկեսում մարդկանց զվարճացնելու համար։ 1844 թվականին կրկեսի արտիստ Գարդներ Քոլթոնը ծիծաղի գազ էր օգտագործել հանդիսատեսներից մեկին զվարճացնելու համար։ Նա ծիծաղից ընկել էր բեմից, բայց ոչ մի ցավ չէր զգացել։ Այդ ժամանակից ի վեր ազոտի ենթօքսիդը սկսեցին օգտագործել ատամնաբուժության և բժշկության այլ ոլորտներում:

Պատմության ընթացքում գիտնականները հիվանդներին անզգայացնելու բազմաթիվ եղանակներ են փորձել: Սակայն լիդոկաինը և այսօր լայնորեն կիրառվող այլ դեղամիջոցները հայտնվեցին միայն 20-րդ դարում։ Դրանց շնորհիվ վիրահատությունների ժամանակ մահացությունների թիվը նկատելիորեն նվազել է։ Ներկայումս անզգայացումն ինքնին մեծամասամբ անվտանգ է: Ըստ հետազոտողների՝ այսօր անզգայացումից մահվան հավանականությունը 200 հազարից 1 է։ Այսինքն՝ անզգայացումից մահանալու վտանգը գրեթե նույնն է, ինչ ձեր գլխին ընկած աղյուսից։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև Livescience-ի «Ինչպե՞ս էին բժիշկները վիրահատում նախքան ժամանակակից անզգայացումը» հոդվածը։

Իսկ առավել մանրամասն՝ «Դոկտոր Մյութերի հրաշքները. ինտրիգների և նորարարությունների իրական պատմություն՝ ժամանակակից բժշկության արշալույսին» գիրքը։