ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճապոնիայի շտապ օգնության ծառայությունում սկսել են օգտագործել հավելյալ իրականության ակնոցներ

Vuzix ընկերությունը, հանդիսանալով խելացի ակնոցների և հավելյալ իրականության (AR) տեխնոլոգիաների և ապրանքների առաջատար մատակարարներից մեկը, հայտարարել է, որ Ճապոնիայում ուսումնասիրում են իր M400 խելացի ակնոցների օգտագործման հնարավորությունը շտապ օգնության մեքենաներով տեղափոխելու ընթացքում հիվանդների վիճակը վերահսկելու համար:

Այս փորձարկմանը մասնակցում են Ջունտենդոյի համալսարանը, Shizuoka հիվանդանոցը, Shunto-Izu հրշեջ վարչությունը և AVR Japan ընկերությունը։

Շտապօգնության թիմերն օգտագործում են Vuzix M400 խելացի ակնոցները բժշկական տեղեկատվությունը շտապօգնության մեքենայից հիվանդանոց փոխանցելու համար՝ հիվանդի դիմելու պահից մինչև հիվանդանոց հասնելու պահը: Նախկինում փրկարարների և հիվանդանոցում սպասող բժիշկների միջև կապի միակ միջոցը բջջային հեռախոսներն էին, իսկ տեղեկատվության փոխանակումն իրականացվում էր միայն ձայնով։ Օգտագործելով երկկողմանի աուդիո և վիդեո հաղորդակցությամբ խելացի ակնոցը, հնարավոր է դառնում իրական ժամանակում բժիշկներին և բուժքույրերին փոխանցել հիվանդի կենսական կարևոր ցուցանիշները, ԷՍԳ-ի արդյունքները, ինչպես նաև հիվանդի դեմքի արտահայտությունը և այլ տեսանելի փոփոխություններ։

Ակնկալվում է, որ այս տեղեկատվությունը ստանալով՝ հիվանդանոցի տարբեր բաժանմունքների կողմից կարող են կատարվել հետազոտություններ, ախտորոշումներ և նախնական բուժման որոշումներ նույնիսկ մինչև հիվանդի ժամանելը: Բացի այդ, հիվանդանոցի բժիշկները կկարողանան ավելի ճշգրիտ հրահանգել շտապօգնության աշխատակիցներին, թե ինչ անհետաձգելի գործողություններ (արյան փոխներարկում, թրոմբոլիտիկ թերապիա, ներանոթային բուժում ևն) պետք է իրականացվեն, երբ հիվանդի համար ամեն րոպեն կյանքի ու մահվան հարց է։