ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես են մրջյունները երկարացնում իրենց կյանքի տևողությունը հինգ անգամ

Նյու Յորքի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են այն մեխանիզմը, որի միջոցով Harpegnathos saltator տեսակի մրջյուններին հաջողվում է փոխել իրենց կյանքի տևողությունը: Մրջյունների այս տեսակը հայտնի է նրանով, որ թագուհու բնական մահից հետո գաղութի մյուս մրջյունները սկսում են մրցել նրա «տեղի» համար։ Հաղթողը, որն ի սկզբանե սովորական բանվոր մրջյուն էր, փոխակերպման է ենթարկվում և ձեռք է բերում բոլորովին նոր հատկություններ՝ վերածվելով թագուհու։

Ամենահետաքրքիրն այն է, որ այս վերափոխման գործընթացը շրջելի է, որոշ դեպքերում թագուհին կարող է կրկին դառնալ բանվոր մրջյուն։ Գիտնականները երկու հիմնական տարբերություն են առանձնացրել թագուհիների և սովորական բանվորների միջև։ Նախ, թագուհին ձեռք է բերում ձու ածելու ունակություն։ Երկրորդ, այն դառնում է երկարակյաց և կարող է հինգ անգամ ավելի երկար ապրել, քան սովորական մրջյունները։

Ուսումնասիրելով մրջյունների գեների էքսպրեսիան՝ գիտնականները բացահայտեցին դրանց միջև առկա հիմնական տարբերությունը՝ ինսուլինի ազդանշանների գործունեության փոփոխությունը: Այս փոփոխությունը կարևոր դեր ունի ձվարտադրության կարողության զարգացման համար։ Հետագա հետազոտությունները հանգեցրին Imp-L2 մոլեկուլի հայտնաբերմանը, որն աշխատում է որպես «հակաինսուլին»: Երբ այս սպիտակուցն ակտիվանում է, ինսուլինի ազդանշանները արգելափակվում են թագուհու մարմնի տարբեր մասերում: Նրա նյութափոխանակությունը դանդաղում է, ինչը հանգեցնում է կյանքի տևողության ավելացմանը:

Գիտնականները զարմացած էին, թե որքան հեշտությամբ են մրջյունները փոխակերպում իրենց մարմինը՝ կախված ներկայիս սոցիալական գործառույթից: Բացի այդ նրանք ենթադրում են, որ ինսուլինի նման մեխանիզմը կարող է առկա լինել այլ կենդանի էակների, այդ թվում՝ կաթնասունների մոտ։ Թեև առայժմ դա դեռ պետք է ապացուցել։