ՏԻԵԶԵՐՔ

Ջեյմս Ուեբ աստղադիտակն առաջին անգամ ածխաթթու գազ է հայտնաբերել էկզոմոլորակի մթնոլորտում

Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը շահագործող թիմը ևս մեկ բեկումնային բացահայտում է արել. պատմության մեջ առաջին անգամ նրանք ածխածնի երկօքսիդի հետքեր են հայտնաբերել էկզոմոլորակի մթնոլորտում:

Խոսքը WASP-39b-ի մասին է՝ Սատուրնի զանգվածով և Յուպիտերի չափով ուշագրավ գազային հսկան, որը գտնվում է Արեգակնային համակարգից մոտ 700 լուսային տարի հեռավորության վրա: Այս էկզոմոլորակը մեկ ամբողջական պտույտ կատարում է ընդամենը 4 օրում, և անընդհատ տաքանում է իր աստղի ջերմությունից, ինչի պատճառով մակերեսի ջերմաստիճանը հասնում է 900 ℃-ի։

Այս հատկությունները WASP-39b-ը դարձնում են աստղադիտակի պարամետրերի փորձարկումների իդեալական վայր: Տվյալ դեպքում խոսքը սպեկտրի ինֆրակարմիր տիրույթի մասին է, որը 4,1 և 4,6 մկմ երկարության միջակայքում հայտնաբերել է բնորոշ կոր։

Ջեյմս Ուեբի հնարավորությունները թույլ են տալիս ֆիքսել արտացոլված և կլանված լույսի պարամետրերի նվազագույն տարբերությունները նույնիսկ ընդամենը 3 միկրոն ալիքի երկարության դեպքում։ Դրա շնորհիվ հեռավոր էկզոմոլորակների վրա արդեն հայտնաբերվել են մեթանի և նույնիսկ ջրի հետքեր։

Եվ չնայած դրանցից ոչ մեկը հարմար չէ բնակության համար, սակայն այլ մոլորակներում նմանատիպ մթնոլորտի առկայությունը գիտնականներին հույս է տալիս մի օր գտնել կյանքի համար նպաստավոր նոր մոլորակ: