ԲՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքային գյուղատնտեսությունը․ որոշ մշակաբույսեր քաղաքային պայմաններում ավելի լավ են աճում, քան գյուղատնտեսական հողերում

Բրիտանացի հետազոտողների թիմը բնապահպան Ֆլորիան Փայենի (Լանկաստերի համալսարան) ամփոփել է քաղաքային միջավայրում բանջարեղենի և մրգերի մշակման վերաբերյալ 200 ուսումնասիրությունների վերլուծության արդյունքները։

Հետազոտություններ են իրականացվել սննդի մշակման նոր և առավել արդյունավետ գործոններ հայտնաբերելու նպատակով 53 երկրներում՝ ընդգրկելով շուրջ 2000 օբյեկտ։ Պարզվել է, որ կարտոֆիլը, վարունգը և հազարը քաղաքային միջավայրում ավելի առատ բերք են տալիս, քան գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում։

Ենթադրվում է, որ այսօր սննդամթերքի 15-20%-ն արտադրվում է քաղաքային միջավայրում, սակայն այս ցուցանիշները անընդհատ փոխվում են, քանի որ աշխարհն ավելի ու ավելի հաճախ է ցնցվում բնական աղետներից։ Դաշտերում բերքը չափազանց խոցելի է վատ եղանակի նկատմամբ, իսկ ջերմոցներում բանջարեղեն աճեցնելը թանկ է՝ էներգիայի ծախսերի պատճառով: Գիտական աշխատանքի հեղինակները խոստովանում են, որ չեն գտել ոսկե միջինը, սակայն մի քանի հետաքրքիր բացահայտումներ են արել։

Օրինակ՝ ջրասեր մշակաբույսերը, ինչպիսիք են լոլիկը և տերևաբանջարները (Leaf vegetable), ավելի լավ բերք են տալիս, երբ աճում են ոչ թե հողում, այլ՝ հիդրոպոնիկ տնտեսություններում: Պարզվել է, որ հազարը, բրոկկոլին և կաղամբն ավելի հարմար և էժան է աճեցնել ուղղահայաց բազմաշերտ կառույցների վրա։ Այս մեթոդն այսօր առավել արդիական է քաղաքների համար․ փորձերից մեկում անգամ ցորեն են աճեցրել այս եղանակով։

Ուսումնասիրության հեղինակները եկել են այն եզրակացության, որ ընդարձակ դաշտերի առկայությունն այլևս մշակաբույսերի անվտանգության երաշխիք չէ։ Պարարտանյութերի և մաքուր ջրի հասանելիության դեպքում քաղաքացիները կարող են ինքնուրույն աճեցնել իրենց անհրաժեշտ սննդի մեծ մասը: Այնուամենայնիվ, նման տնտեսությունների շահութաբերության հարցը դեռևս պարզ չէ, հատկապես հաշվի առնելով, թե որքան թանկ է քաղաքներում տարածքներ վարձակալելը:

Գիտական հոդվածը հրապարակվել է Earth’s Future ամսագրում։

«Քաղաքային գյուղատնտեսությունը նոր զարգացող միտում է, որը հատկապես տարածում է ստանում զարգացած երկրներում և խոշոր քաղաքներում, այսպես ասած՝ մեգապոլիսներում։ «Սիթի ֆարմ», «ուրբան գյուղատնտեսություն», «ուղղահայաց գյուղատնտեսություն» անվանումներով հայտնի այս գործունեությունը ծավալվում է քաղաքների վարչական տարածքներում և հնարավորություն ընձեռում նորարարական տեխնոլոգիաներով (հիդրոպոնիկա, աերոպոնիկա, ակվատեխնոլոգիա և այլն) անօգտագործելի տարածքներում, շենքերի տանիքներին, պատշգամբներում ու նկուղներում հիմնելու ցածրաճ ինտենսիվ այգիներ, զարգացնելու բանջարաբոստանային մշակաբույսերի և սունկի արտադրություն» (Սամվել Ավետիսյան):

Տնտեսագիտության դոկտոր Սամվել Ավետիսյանը 2020 թվականի «Ամբերդ» հանդեսում տպագրել է «Քաղաքային գյուղատնտեսության զարգացումը՝ որպես պարենային ապահովման լրացուցիչ հնարավորություն» վերտառությամբ ուշագրավ հոդված՝ Հայաստանում քաղաքային գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ։