ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղցրացուցիչները կարող են մեծացնել սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը

Վաղուց հայտնի է, որ շաքարավազի չարաշահումը շատ վնասակար է։ Այդ պատճառով էլ թե՛ սպառողների, թե՛ արտադրողների մի մասը նախընտրում է  օգտագործել արհեստական ​​քաղցրացուցիչներ, ինչպիսին են օրինակ՝ ասպարտամը, սուկրալոզը, սախարինը և այլն։ Այնուամենայնիվ, այս փոխարինիչները նույնպես հեռու են անվնաս լինելուց: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ դրանք մեծացնում են շաքարախտի զարգացման հավանականությունը և խթանում հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների տարածումը: Քաղցրացուցիչների նոր բացասական ազդեցություններին անդրադարձել են  Սորբոնի Փարիզ Հյուսիս համալսարանի (Sorbonne Paris North University) գիտնականները Մաթիլդա Տուվիեի գլխավորությամբ։ NutriNet-Santé անվանումը ստածած այս կլինիկական փորձարկմանը մասնակցել են ավելի քան 103000 ֆրանսիացիներ՝ միջինը 42 տարեկան: Վեց ամսվա ընթացքում նրանք մանրամասնորեն գրանցել են կերած և խմած սննդի մասին տվյալները։ Քաղցրացուցիչներ օգտագործել է նրանց մոտ 37%։

Հետագա տարիների ընթացքում գիտնականները հետևել են մասնակիցների բժշկական գործերին և արձանագրել են մոտ 1500 սրտանոթային սուր խնդիրներ, այդ թվում՝ սրտի կաթվածներ և ինսուլտներ:

Տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ քաղցրացուցիչներ օգտագործող մարդկանց մոտ 9 %-ով ավելի բարձր է նման հիվանդությունների զարգացման ռիսկը, ընդ որում գլխուղեղի անոթային հիվանդությունների համար վտանգն ավելի մեծ է՝ 18%:

Բացի այդ, գիտնականները տարբեր քաղցրացուցիչների ազդեցության հնարավոր տարբերություններ են նկատել։ Օրինակ, ասպարտամի օգտագործումը ավելի հաճախակի կապված էր ուղեղի անոթային խնդիրների հետ, մինչդեռ սուկրալոզը և կալիումի ացեսուլֆամը կապված էին սրտի հիվանդությունների հետ:

«Սա ցույց է տալիս, որ սննդային հավելումները, որոնք ամեն օր օգտագործում են միլիոնավոր մարդիկ, և որոնք առկա են հազարավոր մթերքներում, չեն կարող համարվել շաքարավազի առողջ և անվտանգ այլընտրանք»,- եզրակացնում են գիտնականները։ Հարկ է ավելացնել, որ նրանց ուսումնասիրությունը ցույց է տվել միայն քաղցրացուցիչների օգտագործման և սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգի միջև հարաբերակցությունը: Այն ամբողջությամբ չի բացառում այլ գործոնների ազդեցությունը և առավել ևս չի բացատրում տվյալ երևույթի հիմքում ընկած մեխանիզմները։