ԲՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Science ամսագրում հրապարակվել են հայաստանյան հուշարձաններից հայտնաբերված մարդաբանական գտածոների նմուշների վերաբերյալ հոդվածներ

Հնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Science» ամսագրում լույս են տեսել աննախադեպ ծավալի աղբյուրագիտական բազայի հիման վրա կատարված պալեոգենետիկական ուսումնասիրությունների արդյունքներ ներառող երեք հոդվածներ՝

1․ «The genetic history of the Southern Arc: A bridge between West Asia and Europe»,

2. «Ancient DNA from Mesopotamia suggests distinct Pre-Pottery and Pottery Neolithic migrations into Anatolia»,

3. «A genetic probe into the ancient and medieval history of Southern Europe and West Asia»։

«Ներկայացվել են նաև հայաստանյան հուշարձաններից հայտնաբերված մարդաբանական գտածոների նմուշները՝ մ․թ․ա․ VI հազ․ առաջին քառորդից մինչև մ․թ․ XII-XIII դարեր։

Տարածաշրջանի հնագույն անցյալի վերակազմության, հնդևրոպական լեզուններով խոսող հանրությունների բնակության հնագույն օջախների, դրանց տարածման հետ կապված հետազոտական մի շարք խնդիրներ և լեռնաշխարհի հնագույն գենետիկական տվյալների կապն այս, ինչպես նաև հայոց ազգածագման խնդիրների հետ հնարավորինս լուսաբանված են այս հոդվածներում։

Ծրագրին մասնակցել են 12 հայաստանյան հետազոտողներ (ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտից 9-ը հետազոտող՝ հնագետ և մարդաբան), ինչպես նաև Մասիս բլուրի ուսումնասիրության ծրագրի համաղեկավար Քրիստինե Մարտիրոսյան-Օլշանսկին ԱՄՆ-ից»,- գրում է նա։