ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբևէ մտածե՞լ եք, թե քանի մրջյուն կա աշխարհում

Երբևէ մտածե՞լ եք, թե քանի մրջյուն կա աշխարհում։ Միգուցե անհեթեթ թվա, բայց Հուլիուս Մաքսիմիլիանի համալսարանի (Գերմանիա) գիտնականներին հաջողվել է հաշվել դրանց քանակը։

Իհարկե հետազոտողները ստիպված չեն եղել հատ առ հատ հաշվել բոլոր մրջնանոցները, սակայն, այնուամենայնիվ, հաշվարկները շատ ժամանակ են խլել։ Նախ և առաջ ուսումնասիրվել են այս խնդրին առնչվող ավելի վաղ կատարված հետազոտությունները, որոնցից ընտրվել են մոտ 500-ը, որտեղ ներկայացված էին բոլոր մայրցամաքները և հայտնի էկոհամակարգերը։ Այնուհետև ստացված տվյալների հիման վրա կատարվել է էմպիրիկ գնահատում։ Հաշվարկների արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ Երկրի վրա մրջյունների թիվը մոտավորապես 20 կվադրիլիոն է (20 000 000 000 000 000)։ Համեմատության համար՝ սա 20 անգամ ավելի շատ է, քան մեր գալակտիկայի աստղերի թիվը: Մոլորակի բոլոր մրջյունների կշիռը կազմում է 12 միլիոն տոննա: Եվ սա շատ ավելին է, քան Երկրի բոլոր վայրի կենդանիների կամ թռչունների զանգվածը:

Հիմնականում մրջյունները ապրում են արևադարձային գոտիներում, հանդիպում են նաև անապատներում և ճահիճներում: Իսկ հյուսիսային գոտիներում գրեթե չեն հանդիպում: Համեմատաբար քիչ են նաև քաղաքներում։ Հաստատված է, որ այս աննկատ միջատները հսկայական ազդեցություն ունեն էկոհամակարգերի գործունեության վրա։ Այսպես, օրինակ, մեկ տարվա ընթացքում 1 հա տարածքից մրջյունները տեղափոխում են մինչև 13 տոննա հող՝ դրանով իսկ ապահովելով սննդանյութերի շրջանառությունը և բույսերի սերմերի տարածումը։

Closeup ant Red many on tree